Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսեց Սուրբ ծննդյան տոնի խորհրդի մասին: Նա տեղեկացրեց, որ տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, որը կոչվում է Սուրբ ծննդյան բարեկենդան:
«Հայ առաքելական եկեղեցին հաստատուն է մնացել ավանդությանը եւ Սուրբ ծնունդը նշում է հունվարի հինգի լույս վեցի օրը: Տոնվում է նաեւ Աստվածհայտնության տոնը: Հունվարի 6-ին կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը Հորդանանում»,-ասաց Տեր Պետրոսը:
Սուրբ ծննդին հաջորդում է Մեռելոցը, ինչպես մյուս տաղավար տոներին: Քահանան նշեց, որ հավատացյալները հաճախ հարցնում են՝ ինչու առաջիկա Մեռելոցը երկուշաբթի չէ. «Բանն այն է, որ Սուրբ ծնունդն անշարժ տոն է: Պարտադիր չէ, որ Մեռելոցը երկուշաբթի լինի: Բոլոր տաղավար տոներից առաջ մեկշաբաթյա պահք է լինում, միայն Սուրբ Հարության տոնին է նախորդում քառասնօրյա պահքը: Չենք պարտադրում պահք պահել, բայց քրիստոնյայի համար ցանկալի է»:
Խոսելով Ձմեռ պապի կերպարի մասին, Տեր Պետրոսն ասաց, որ դրա «նախատիպը» սուրբ Նիկողայոսն է: Նա գիշերով նվերներ է դրել աղքատների պատուհաններին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ