«2015 թվականի դեկտեմբերի 23-ին «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների եւ խաղաղության հարցերով միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանն ու «ՀՆ-92»-ի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելել են ԼՂՀ ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող Ադրբեջանի քաղաքացիներ Դիլգամ Ասկերովին եւ Շախբազ Գուլիեւին, որոնք դատապարտված են ԼՂՀ քաղաքացու սպանության եւ ԼՂՀ Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործողություն իրականացնելու համար:
Այցի նպատակն էր կալանավորների պահման պայմաններին եւ Ադրբեջանի քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալը: Իրավապաշտպանների այցի ընթացքում ԼՂՀ իշխանությունները լիակատար հնարավորություն են ընձեռել ծանոթանալ Ադրբեջանի քաղաքացիների պահման պայմաններին` ներառյալ բանտախցերը, սանիտարա-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական ծառայությունները, տեղեկատվական նյութերի տրամադրումն ու գրականությունը:
Կարեն Օհանջանյանն ու Սվետլանա Ջհանգիրյանը երկար զրույց են ունեցել կալանավորներից ամեն մեկի հետ` առանձին-առանձին, որոնք անկեղծ բավարարվածություն են հայտնել իրենց պահման պայմանների եւ առողջական վիճակի կապակցությամբ:
Այցի արդյունքում հարկ է փաստել, որ Դիլգամ Ասկերովի եւ Շախբազ Գուլիեւի պահման պայմանները ամբողջությամբ համապատասխանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, եւ նաեւ այն, որ ԼՂՀ իշխանությունները անում են ամեն ինչ`այդ նորմերի խախտում թույլ չտալու համար:
Դոկտոր Կարեն Օհանջանյանն ու Սվետլանա Ջհանգիրյանը շնորհավորել են Դիլգամ Ասկերովին եւ Շախբազ Գուլիեւին գալիք Ամանորի կապակցությամբ»: