Լրահոս
Օրվա լրահոսը

Թունաբան. «Մեր երկրում վտանգավոր սպիրտով օղի չկա»

Դեկտեմբեր 23,2015 14:42

Թունավորումը հիմնականում խմիչքը խառնելուց եւ չափն անցնելուց է լինում: Ամանորի նախաշեմին քաղաքացիներին զգուշացնում է հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Այսօր «Sputnik-Արմենիա» մամուլի կենտրոնում պարոն Գաբրիելյանը հորդորեց դիմել հիվանդանոց, եթե ալկոհոլից թունավորում է լինում եւ մարդը գիտակցությունը կորցնում է, իսկ տան պայմաններում կարելի է ստամոքսի լվացում անել, եթե վիճակն այդքան էլ վատ չէ:

Թունաբանի խոսքերով, խմիչքն օգտագործելու կոնկրետ չափ գոյություն չունի, որից մարդը վատ կզգա, ամեն ինչ օրգանիզմի առանձնահատկությունից է կախված. «Մարդ կա 50 գրամից էլ կվատանա, մարդ կա կես լիտր կարող է խմել եւ ոչինչ չլինի»:

Ըստ նրա, գնալով երիտասարդանում է ալկոհոլից թունավորվողների տարիքը: Պատճառներից մեկը պարոն Գաբրիելյանը համարում է այն, որ. «Եթե նախկինում ամանօրյա տոները երիտասարդները ընտանիքում էին անցկացնում, ապա հիմա նախընտրում են դրսում նշել եւ մեծահասակների ուշադրությունից դուրս են մնում»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Հայաստանում ինչպիսի՞ն է օղիների որակը եւ արդյոք տեղական արտադրության էժանագին օղիներից թունավորումներ հաճախ են լինում, պարոն Գաբրիելյանն ասաց, որ մեր երկրում վտանգավոր բաղադրությամբ, վտանգավոր սպիրտով օղի չկա, ինչպես օրինակ` Ռուսաստանում, որի հումքը կարող է լինել էթիլային սպիրտը: Թունաբանը չի հիշում, թե վերջին անգամ մեզ մոտ երբ է օղուց թունավորմամբ մարդ տեղափոխվել հիվանդանոց:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե սնկի թունավորումից այս տարի քանի՞ մարդ է տուժել:
Միքայել Գաբրիելյանն ասաց, որ սնկից թունավորումները պակասել են, չնայած որ այս տարի երկու մահվան դեպք է գրանցվել, որոնք թունավորվել են դաշտի սնկերից:
Սնկից մեր քաղաքացիները հիմնականում թունավորվում են գարնանը եւ աշնանը:

Անդրադառնալով բոտուլիզմին, հանրապետության գլխավոր թունաբանը կրկին կոչ արեց խուսափել տան պայմաններում պահածո պատրաստելուց, հիշեցնելով, որ բոտուլիզմով վերջին թունավորումը մոտ տաս օր առաջ է եղել. ընտանիքը թունավորվել է կարմիր պղպեղի պահածոյից: Եթե, այնուամենայնիվ, պահածո են պատրաստում, պարոն Գաբրիելյանը խորհուրդ տվեց եռացնել դրանք, նոր` օգտագործել:

 

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031