Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին կրկին բերման կենթարկեն դատարան

Դեկտեմբեր 23,2015 14:33

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ դեկտեմբերի 23-ին շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործի քննությունը:

Ո՛չ Վարդգես Գասպարին, ո՛չ էլ նրա պաշտպանները չէին ներկայացել դատարան, սակայն ներկայացել էր հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը: Վարդգես Գասպարին գրություն է ուղարկել դատարան, ըստ որի հրաժարվում է մասնակցել դատական նիստերին, եւ շարունակելու է ընդդիմանալ դատական համակարգի ապօրինություններին:

Վարդգես Գասպարին նշել է, որ առավել արդյունավետ է համարում այս պահին ընդդիմանալ այդ ապօրինություններին: Նա հայտարարել է, որ բացի իր պաշտպաններից, որեւէ մեկին, այդ թվում նաեւ հանրային պաշտպանին չի լիազորում եւ չի թույլատրում ստանձնել իր իրավունքների պաշտպանությունը կամ հանդես գալ իր անունից: Իսկ իր պաշտպաններ Դավիթ Գյուրջյանին, Լուսինե Հակոբյանին եւ Տիգրան Եգորյանին չի լիազորում, առանց իր ներկայության, ներկայանալ դատարան եւ հանդես գալ իր անունից:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ քանի որ ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Հակոբյանը երեք դատական նիստի անընդմեջ չէր ներկայացել դատարան, դատարանը առաջարկել էր ամբաստանյալին հրավիրել պաշտպան. «Նրա լռությունը, ինչպես նաեւ ոչ պատշաճ դիրքը դատական նիստերի դահլիճում, ընդունելով որպես նշված առաջարկը մերժելու հանգամանք, դատարանը որոշում կայացրեց հանրային պաշտպան նշանակելու մասին: Եվ այսօր համապատասխան որոշմամբ ներկայացել է Մերի Ալավերդյանը»:

Նելլի Բաղդասարյանը դատական նիստին Վարդգես Գասպարիի բացակայությունը անհարգելի համարեց, եւ որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել նրան: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016 թվականի հունվարի 21-ին:

Հիշեցնենք՝ սույն դատական գործով դատավոր Նելլի Բաղդասարյանն արդեն երկրորդ անգամ է Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու որոշում կայացնում:

Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031