Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմելու են ՄԻԵԴ՝ ՀՀ-ում լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով

Դեկտեմբեր 23,2015 13:52

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում ամփոփեց, թե այս 6 ամիսների ընթացքում ինչ ձեռնարկեցին իշխանությունները հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ բռնության ենթարկված լրագրողների գործերը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար:

Իրավաբան Արա Ղազարյանը նշեց, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն որոշել է ստրատեգիական դատավարություն սկսել եւ խնդիրը տեղափոխել միջազգային ատյաններ. «Երեկ Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարան բողոք ենք ներկայացրել եւ հավաքել վիճակագրական տվյալներ 2008-20015-ի ընթացքում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող փաստեր: Դրանք ունեն իրենց աղբյուրները եւ արժանահավատությունը կասկածի տակ չեն: Վճռաբեկ բողոք ներկայացրեցինք, որ 98 նման փաստեր ունենք, չունենք դրա իրավական հետեւանքը, չունենք քրեական հետապնդում, մեղավորների պատժում: Ուսումնասիրելով Դատական դեպարտամենտի տարեկան վիճակագրությունը, 2008-ից մինչեւ 2015-ը ընդամենը 1 դեպք հայտնաբերեցինք, որ 164-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել ու դատարան մտել: Կամ քրեական գործ չի հարուցվում, կամ հարուցվում է, հետո կարճվում է, չի մտնում դատարան»:

Վճռաբեկ դատարան Արա Ղազարյանը դիմել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ:

Ըստ իրավաբանի, լրագրողների նկատմամբ բռնությունները համարժեք պատասխան չեն ստանում իրավապահ մարմինների կողմից. «164-րդ հոդվածը յուրահատուկ են մեկնաբանում, թե եթե անձը նախօրոք չի ասել, որ ինքը լրագրող է, ուրեմն այստեղ հանցակազմ չկա, նույնիսկ եթե խոչընդոտում են նրա աշխատանքը: Բայց սա սխալ մեկնաբանություն է: Վճռաբեկից ակնկալում ենք, որպեսզի մեկնաբանի 164-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար»:

Պարոն Ղազարյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի դատավորն էլ է զարմացած ասել, որ իր պրակտիկայում էլ երբեք չի հանդիպել 164 հոդվածով գործ. «Այդ գործերը նախաքննական փուլից չեն անցնում դատական փուլի: Միջազգային ատյաններում գործում է փաստի կանխավարկած հասկացողություն, եթե ներկայացնում ես փաստերի առատություն եւ 0 արձագանք՝ ինքնըստինքյան ներկայացնում ես, որ այստեղ կա խտրականություն: Մենք այս գործով ասում ենք, որ բավական է, երկար տարիներ արձագանք չի ստանում, խտրական հիմք կա: Վերջնական տուժողը հանրություն է, հանրությունը չի ստանում այն ինֆորմացիան, որը կստանար, եթե չխոչընդոտեին լրագրողի աշխատանքը»:

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ որպես կանոն, ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցները հայտնվում են թիրախում, բայց հունիսի 23-ին տուժել են եւ ընդդիմադիր եւ կեցվածքով իշխանամետ ԶԼՄ-ների լրագրողներ, օպերատորներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031