«ՀՀ ՊՆ-ի պաշտոնական հայտարարությունից հետո, սա պետք է գնահատել տարածաշրջանի համար նոր փուլ`հղի իր բոլոր հետեւանքներով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նա կիսում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական դիրքորոշումը:
Հիշեցնենք, երեկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց. «Սա պատերազմ է։ Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»:
Խաչատուր Քոքոբելյանը հիշեցնում է, որ ինքն էլ քանիցս նշել է`դրանք պատերազմական գործողություններ են, ոչ թե սահմանային խախտումներ, քանզի այդ գործողությունների ժամանակ, մենք, ցավոք, ունեցել ենք զոհեր նաեւ խաղաղ բնակչության շրջանում: «Այդ գործողությունները, ադրբեջանական կողմից ոչ թե դիպուկահարների ձեռամբ իրականացվող ոտնձգություններ էին, այլ հրանոթային, նաեւ տանկային կրակահերթեր»,- հավելեց մեր զրուցակիցը`ցավ հայտնելով, որ հասանք այս փուլին եւ մինչ այս պահը միջազգային որեւիցե կառույց համարժեք գնահատական չտվեց կատարվողին. «Անընդհատ օգտագործվեցին, «միջադեպեր սահմաններում», «լարվածություն սահմաններում» եզրույթները, այնինչ, փաստացի սահմանում ապրող ՀՀ քաղաքացին, ԼՂ-ում ապրող քաղաքացին, ամեն օր բառացիորեն իր մաշկի վրա է զգում պատերազմական գործողությունները եւ տուժում է դրանցից: Սահմանամերձ շրջաններում ապրող մեր քաղաքացիներն ամեն առավոտ սպասում են նոր պայթյունի: Դա արդեն իրենց առօրյան է»:
Երեկ գիշեր էլ, հիշեցնենք, գնդակոծվում էին սահմանամերձ Բաղանիսը եւ Ոսկեվանը:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ այս ամենը նախորդեց Շվեյցարիայում Սերժ- Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, որից հետո ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, թե նախագահները հանդիպումն ավարտել են բաժակ բարձրացնելով: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը հաջորդեց նաեւ ՀԱՊԿ նստաշրջանը, որի ժամանակ Սերժ Սարգսյանն աննախադեպ եւ որոշ գնահատականներով նույնիսկ կոշտ ելույթ ունեցավ:
«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»,- մասնավորաբար ասաց Սերժ Սարգսյանը:
Խաչատուր Քոքոբելյանը նկատում է, որ ՀԱՊԿ-ի «հայտնի ժողովում» ՀԱՊԿ-ի կողմից որեւիցե գնահատական չտրվեց հայ-ադրբեջանական սահմաններում առկա իրավիճակին: «Այսինքն, մենք գտնվում ենք մի անվտանգության համակարգում, որը ես միշտ բնութագրել եւ գնահատել եմ, որպես ձեւական կառույց`ՀՀ-ի անվտանգության առումով: ՀԱՊԿ-ը ես համարել եւ համարում եմ ՌԴ այսօրվա իշխանություններին հարմարեցված ռազմաքաղաքական կառույց: Թերեւս, դրանում համոզվեցին նաեւ իրենք`ռուսները, երբ տեղի ունեցավ ռուս-թուրքական հերթական եւ վերջին շրջանում աննախադեպ լարումը: Ռուսական կողմը համոզվեց, որ բացառությամբ Հայաստանի, այդ մասին անդրադարձեր կան նաեւ ռուսական մամուլում, ՀԱՊԿ-ի մյուս գործընկերները, ՀԱՊԿ-ի կանոնադրության եւ պարտավորությունների շրջանակում նույնիսկ, զերծ մնացին որեւիցե գնահատականից»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը՝ ցավալի համարելով Հայաստանի գտնվելը նման անվտանգության համակարգում, որքան էլ մեր պաշտոնյաները հայտարարեն, թե որեւիցե աջակցություն չեն ակնկալում եւ ինքնուրույն կարողանում ենք լուծել մեր խնդիրները:
«Փառք մեր մարտունակ բանակին, որն ի վիճակի է եւ մինչ այս պահը լուծել է մեր անվտանգության խնդիրը: Բայց միջազգային հարթակներում, այդպես էլ որեւէ գնահատական չտրվեց Ադրբեջանի կողմից, այո, պատերազմական գործողություններին: Այլ բնութագրում այս գործողություններին չի էլ կարելի տալ: Բայց, այսպիսով, մի նոր վտանգ է առաջանում. իրավիճակը Հայաստանի կողմից, պաշտոնապես, որպես պատերազմական գործողություններ գնահատելը նշանակում է, որ մեր թե ռազմավարական գործընկերները, թե միջազգային հանրությունը, ովքեր շահագրգիռ են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չվերսկսմամբ, պետք է խիստ հետեւություններ անեն եւ հավուր պատշաճի գնահատեն իրավիճակը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ