Լրահոս
Օրվա լրահոսը

«31 տուժող կա, ոչ մի կասկածյալ չկա». Աշոտ Մելիքյանը՝ Բաղրամյանում լրագրողների դեմ բռնությունների մասին

Դեկտեմբեր 23,2015 13:10

«Ուղիղ 6 ամիս առաջ Բաղրամյան պողոտայում անհամաչափ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Աննախադեպ ֆիզիկական բռնություններ եւ խոչընդոտումներ նկատվեցին այդ ժամանակ լրագրողների նկատմամբ, որոնք իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում»,- այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում անդրադարձավ Բաղրամյան պողոտայի հայտնի դեպքերին:

Նրա խոսքերով՝ «6 ամիս արդեն անցել է, ի՞նչ արեց պետությունը: Հարուցվել է քրգործ, բայց այն լրագրողները, որոնք ներգրաված են քրգործերում, բոլորի հետ մենք կապի մեջ ենք եւ նրանք վկայում են, որ այս գործընթացը ձեւական բնույթ է կրում: Այս գործն ի սկզբանե վարում էր 1 քննիչ, որը մատների արանքով գործին նայելու փորձ կարող է դիտվել եւ ցինիկ մոտեցում: Գլխավոր դատախազը ցուցում էր տվել ՀՔԾ-ին, որ ձեւավորվի քննչական խումբ: Երբ ձեւավորվեց այդ խումբը, իմ շփումները լրագրողների եւ փաստաբանների հետ ցույց տվեցին, որ այդտեղ ներգրաված ոչ բոլոր քննիչներն են, որ պատշաճ փորձ ունեն եւ կարող են այդ գործը վարել»:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ այդ քրեական գործում 31 տուժող է ճանաչվել եւ որեւէ մեղադրյալ չկա, նույնիսկ կասկածյալ չկա գործում: Սա, ըստ պարոն Մելիքյանի, շատ տարօրինակ է, եւ խոսում է Հատուկ քննչական ծառայության որակի մասին. «Կան տուժած լրագրողներ, որոնք առ այսօր այս 6 ամիսների ընթացքում չեն էլ հարցաքննվել, գոնե մեկ անգամ չեն կանչվել: Ասում են, թե 4-ը ծանուցվել են ու չեն եկել, չեն ասել՝ ինչու: Այդ տեղեկությունը ստույգ չէ: Հովսեփ Հովսեփյանը, օպերատոր, նա չի հրավիրվել: Երեկ ենք իր հետ խոսել, ասել է՝ չի հրավիրվել, եթե հրավիրվեր, պատրաստ էր գնալ: Նույնը Գոռ Հովհաննիսյանն է ասում: Նույնիսկ ինքն է հետաքրքրվել, թե ինչու իրեն չեն հրավիրում»:

Պարոն Մելիքյանի խոսքերով՝ ՀՀ-ում դեռեւս օրենքի գերակայությունը չի ճանաչվել եւ մեր երկիրը դեռ պատրաստ չէ քրգործեր հարուցել այն պաշտոնյաների, ոստիկաների նկատմամբ, որոնք վերեւների հրամաններն են կատարել եւ անցել են իրենց լիազորությունների շրջանակը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որին միացել են լրագրողական 8 կազմակերպություններ: Հայտարարությամբ կազմակերպությունները վրդովմունք են հայտնում իրավապահ մարմինների գործողությունների մասին եւ կոչ անում ՀՔԾ-ին անաչառ եւ պատասխանատու մոտեցում ցուցաբերել գործը քննելիս, իսկ դատախազությանը կոչ են անում պատշաճ վերահսկողություն իրականացնել քրգործերի նկատմամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031