ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե նոր Սահմանադրության որ դրույթներն են արդեն սկսել «գործել»։
– Պարոն Մինասյան, քանի որ արդեն սկսել է գործել նոր Սահմանադրությունը, խնդրում եմ՝ նշեք, թե ո՞ր դրույթներն են կիրառելի դարձել, ու ի՞նչ հերթականությամբ են գործելու այդ փոփոխությունները։
– Իսկապես արդեն ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, համաձայն անցումային դրույթների՝ սահմանադրական փոփոխությունները ժամկետի առումով 4 հիմնական փուլերի են բաժանվում։
Ուժի մեջ է մտնում «Սահմանադրական կարգի հիմունքներ» բաժինը, որտեղ հիմնականում պետության, երկրի Սահմանադրական կարգին առնչվող հոդվածներն են, ինչպես նաեւ այն արժեքային համակարգը, որով պետությունը պետք է կառուցվի, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետությունից զատ, որպես արժեքային կարեւոր սկզբունքներ, ամրագրվում է ընտանիքի պաշտպանության ինստիտուտը, ամրագրվում է դրույթ տնտեսական կարգի վերաբերյալ, որի համաձայն՝ ՀՀ-ում շուկայական տնտեսության կարգն է հաստատվում, ամրագրվում են մի շարք սկզբունքներ ընտրական իրավունքի, կուսակցության, բազմակարծության, բազմակուսակցական համակարգի ոլորտներում։
Կարդացեք նաև
Ուժի մեջ են մտնում նաեւ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող 2-րդ եւ 3-րդ գլուխները, որտեղ կենտրոնում մարդու արժանապատվությունն է, այլ կերպ ասած՝ այսօրվանից սկսած ցանկացած բան, որը կհակասի մարդու իրավունքներին ու ազատությանը, որոնց սահմանափակումները նախատեսված չեն Սահմանադրությամբ կամ օրենքի համաձայն, այսօրվանից որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի խոչընդոտ ստեղծել քաղաքացու իրավունքի իրացման համար։
Այսինքն՝ պաշտպանվում են քաղաքացու իրավունքներն անկախ նրանից՝ պետական մարմինն ունի լիազորություն միջամտելու, թե չունի։ 3-րդ գլուխը, որը վերաբերում է սոցիալական, տնտեսական իրավունքներին, նույնպես ուժի մեջ է մտնում, որն էլ նշանակում է, թե այսուհետ ԱԺ-ի եւ գործադիր մարմնի առջեւ պահանջ է դրվում, որպեսզի այդ ուղղություններով ընդունվեն օրենքներ, որոնք կապահովեն մարդու արժանապատիվ գոյությունը, դա էլ վերաբերում է թե՛ նվազագույն աշխատավարձին, թե՛ առողջության պահպանման հարցերին։
Զրուցեց Սոնա ԳԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում