ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ իր աշխատանքը ֆուտբոլում ավարտված է: Նա նշել է, որ այն բանից հետո, երբ 2015 թվականի մայիսին Ցյուրիխում ձերբակալվել էին մի շարք պաշտոնյաներ, ինքն այլեւս չի հավատում ՖԻՖԱ-ին: Բլատերի խոսքերը մեջբերել է «The Wall Street Journal»-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը որոշել էր Զեպ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 8 տարով զրկել ֆուտբոլի հետ կապված ցանկացած աշխատանք կատարելու իրավունքից:
«Ես ավարտել եմ իմ աշխատանքը ֆուտբոլում: Ես կորցրել եմ մեր կազմակերպության հանդեպ հավատս մայիսի 27-ին, երբ ԱՄՆ-ի արդարադատության մարմինները խառնվեցին մեր գործերին: Հենց նույն օրը նրանք ՖԻՖԱ-ն ներկայացրեցին որպես քրեական կառույց»,- հայտարարել է Բլատերը:
Խոսելով հետաքննության տակ գտնվող պաշտոնյաների մասին, Զեպ Բլատերն ասել է, որ այն մարդիկ, որոնց ինքը ճանաչել է՝ հրաշալի էին: «Այդ մարդկանց մեծամասնությանը մեղադրանքներ են առաջադրվել, կամ էլ նրանք գտնվում են բանտում: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում այդպես է կազմակերպված ֆուտբոլի ղեկավարում, սակայն դա առնչություն չունի ՖԻՖԱ-ին: Մենք չենք ղեկավարում այդ կոնֆեդերացիաների գործունեությունը»:
Կարդացեք նաև
ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը նաեւ Բլատերին տուգանել էր 50 հազար ֆրանկով, իսկ Պլատինիին՝ 80 հազարով. «Նա մի փոքր ավելին արժե, քան ես»,- ժպիտով ասել է նա եւ հավելել. «Բայց դա աբսուրդ է: Շվեյցարիայի օրենքներով ինչ-որ մեկին 8 տարով հեռացնելու պատճառ կարող է դառնալ սպանությունը կամ բանկ թալանելը: Ես 40 տարի եմ անցկացրել ՖԻՖԱ-ում: Ինձ չեն անհանգստացնում անցյալի մասին խոսակցությունները, քանի որ դա ինձ համար ավելի հաջող էր, քան ապագան»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ