Մեր գործարարները հազիվ պահ են գտել, որ փող աշխատեն ու տոներին անտրամաբանորեն բարձրացնում են գները:
Այսօր «Բլից ինֆո» ակումբում խոսելով նախատոնական գնաճի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա վստահեցրեց, որ գնագոյացման տնտեսագիտական հաշվարկ ՀՀ-ում ոչ մեկը չի կատարում. «Ասում են՝ շուկա է, ինչ գին ուզեմ, կդնեմ: Բայց տրամաբանություն պետք է լինի, եւ պետությունը պետք է նայի, որ գնաճի, ավելորդ ծախսի պատճառով մարդիկ սոցիալական ծանր պայմաններում են հայտնվում: Ստիպված մարդիկ մտածում են դրսում աշխատանք գտնելու, մեկին խաբելու, պարտք վերցնելու մասին»:
Մեր հարցին՝ ստեղծել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որի նախագահին ամսական 720 հազար դրամ աշխատավարձ ենք տալիս, իսկ ամբողջ կառույցը բավականին թանկ է նստում մեզ վրա, այդ հանձնաժողովը չի՞ կարող գոնե նախատոնական այս օրերին կարգի բերել եւ թույլ չտալ անտրամաբանական գնաճ՝ Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Կառույցը չի կարող միայնակ խնդիրը լուծել: Կարող են բերվել ապրանքներ, որոնք ճիշտ չմաքսազերծվեն, կարող են լինել օլիգարխներ, որոնք հարկային դաշտում չաշխատեն: Պաշտոնյաների բարեկամներ, հարազատներ անընդհատ ստեղծում են անհավասար մրցակցության դաշտ ու մի հանձնաժողովը չի կարող այդ ամբողջ բարեկամական թիմի դեմ պայքարել: 10 հատ նման կառույց էլ ստեղծենք՝ չի կարող պայքարել: Նախարարությունները, մարզպետարանները, քաղաքապետարանը հարյուրավոր աշխատողներ են պահում: Ամեն մի պաշտոնյա, որը գտնվում է համակարգում, ուզում է կարևորել իր դերակատարությունը եւ այս ուռճացված համակարգի դեմ դժվար է պայքարել: Տեսուչների մեծ մասը ստանում է շատ ցածր աշխատավարձ, ինչպե՞ս կարող է նա կաշառք չվերցնել»:
Կարդացեք նաև
Թե ինչ լուծում է տեսնում խնդրին՝ պարոն Մակարյանն ասաց, որ ընդամենը պետք է պաշտոններում նշանակել համապատասխան մարդկանց, որը չի արվում: Ըստ նրա, Հայաստանին ընդամենը 100 պաշտոնյա է պետք՝ համակարգը կարգի բերելու համար:
Կոնկրետ այս Ամանորից առաջ պարոն Մակարյանը չի կանխատեսում այնպիսի գնաճ, որը կոլապսի կբերի: Ըստ նրա, այդ ամենը վերեւներից կառավարվում է, ու հաշվի առնելով,թե ինչպիսի հուզական վիճակում է ժողովուրդը էլեկտրաէներգիայի,գազի այս բարձր սակագների պայմաններում, թույլ չի տալիս, առայժմ զսպում է մեծ ախորժակները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ