Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ ինչպե՞ս հասկանանք Սերժ Սարգսյանի ելույթը, եւ հնարավո՞ր է՝ ՀՀ-ն դուրս գա ձեւական այդ կառույցից, նա պատասխանեց. «Ընդհակառակը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ուշադրությունն է հրավիրում, որ յուրաքանչյուրիս պրոբլեմը պետք
է լինի մեր բոլորի պրոբլեմը։ Սա ուղերձ էր, որպեսզի կառույցն ավելի ճկուն աշխատի։ Այսինքն, եթե մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին, փոխադարձ հավատարմություն պետք է նրանցից պահանջենք։ Անտարբերությունն ընդունելի չէ, մենք կոչ ենք անում կյանքի կոչել թղթի վրա գրվածը»։
Հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում թվարկում էր, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ ինչ զենք է կիրառում եւ նշում էր միայն թուրքականը, այնինչ հայտնի է, որ նրանք հայ զինվորի վրա նաեւ ռուսական զենքից են կրակում, ինչո՞ւ Սարգսյանն այդ մասին էլ չհիշատակեց, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես ճիշտ չեմ համարում, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում մենք նման հարցեր շոշափենք, ինձ թվում է, ճիշտ է եւ նպատակային նախագահի մեկնաբանությունը»։
Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը գրեթե բացառում էր լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսումը։ «Իմանալով Հայաստանի եւ Արցախի բանակի հնարավորությունները, եւ իրենց հնարավորությունները գնահատելով, ես դա գրեթե բացառում եմ։ Եթե դուք ուշադիր նայեք Ադրբեջանի մակրոտնտեսական ցուցանիշները, գնաճի տեմպերը, արդեն պահուստային ֆոնդի կրճատումները, մանաթի կտրուկ արժեզրկումը, կզգաք, որ կան լուրջ խնդիրներ։ Ադրբեջանը ներքաղաքական լուրջ խնդիրներ ունի, այնտեղ պոռթկումները հասունացել են, եւ դրանից շեղելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը սրում է իրավիճակը սահմանին»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում