Լեռնային Ղարաբաղի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի կարծիքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը «հուսահատությունից» ծնված խոսքեր էին։ Սարգսյանը կշտամբել էր դաշնակից պետություններին Լեռնային Ղարաբաղի հարցում քար լռություն պահպանելու, Հայաստանին աջակցություն չհայտնելու եւ ադրբեջանական ագրեսիային որեւէ կերպ չարձագանքելու համար, խոսքը ՀԱՊԿ պետությունների մասին է։ Խանումյանի խոսքով՝ այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի հեղինակությունը բավական ցածր է։
«Ընդ որում՝ ղեկավարները բացահայտորեն ոչ հարգալից են խոսում Սերժ Սարգսյանի նկատմամբ, հետեւաբար, չեմ կարծում, թե այդ կշտամբանքը կարող է ինչ-որ բան փոխել»,- ասում է նա ու նկատում. «Ժամանակի ընթացքում բոլորիս համար է պարզ դարձել, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ հայկական հարցերի վերաբերյալ՝ եթե չասենք թշնամական, ապա ոչ բարեկամական դիրքորոշում են ունեցել, որն արտահայտվել է տարբեր ամբիոններում իրենց քվեարկություններով, թե հրապարակային ելույթներով, հետեւաբար, նման դաշնակիցներ ունենալն առնվազն խնդիրների տեղիք է տալիս։ Այդ հարաբերությունները պետք է ժամանակին հաշվի առնվեին, եւ ժամանակ առաջ չվազեին նույն կազմով Տնտեսական միություն, ինչպիսին է ԵՏՄ-ն»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում