Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ սխալվում է բժիշկը

Դեկտեմբեր 23,2015 13:00

Ս. Ավետիսյանի մտքով անգամ չէր անցնում, որ աշխատավայրից պահանջված բժշկական (սանիտարական) գրքույկը լուրջ փորձություն է դառնալու իր եւ ընտանիքի համար: Անցնելով հերթապահ հետազոտությունները տեղամասային՝ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում՝ պոլիկլինիկայի ֆթիզիատոր Նաիրա Բաբայանի «թեթեւ ձեռքով» ախտորոշվում է տուբերկուլյոզ: Վերջինս պահանջում է կրկնակի հետազոտություն հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Սակայն մինչեւ ուղեգրի ձեւակերպումը՝ Ս. Ավետիսյանը ստուգիչ հետազոտություն է անցնում Արաբկիր բժշկական կենտրոնում: Կենտրոնի մասնագետները հերքում են Ն. Բաբայանի ախտորոշումը: Հերքում է նաեւ ականավոր պրոֆեսոր Մ. Նարիմանյանը: Դժվար չէ պատկերացնել Ավետիսյանների ընտանիքի հույզերն ու ապրումները: Երբ Ս. Ավետիսյանը համապատասխան հետազոտության փաստաթղթերով ներկայանում է եւ խնդրում է բժշկական գրքույկը Բաբայանից, վերջինս իր տեսակետն է պնդում եւ պահանջում է հակատուբերկուլյոզային դիսպանսերի հետազոտություն: Տպավորություն է, թե բժիշկը ինքնահաստատվում էր` հերքելով մյուս մասնագետներին եւ կարեւորելով սեփական կարծիքը: Ինչ խոսք, բժիշկը կարող է ունենալ դիրքորոշում, որը տարբերվում է մյուս մասնագետների կարծիքներից, սակայն անթույլատրելի է տրավմայի ենթարկել մարդկանց, հատկապես այս դեպքում, երբ նրա մասնագիտական կարողություններն արդեն իսկ կասկածելի են: Բժշկին հատուկ հումանիստական հատկանիշներից զուրկ այս ֆթիզիատորը Սարգիսի հուզված մորը, ով փաստարկումներով հակառակն էր պնդում, պարզապես նետում է. «Տիկին, թատրոն մի խաղացեք»:

Ավելացնենք, որ հակատուբերկուլյոզային դիսպանսերում անակնկալի չեն եկել նման ախտորոշմամբ հերթական «հիվանդին» տեսնելով: Ըստ դիսպանսերի աշխատակիցների՝ այդ տեղամասից ֆթիզիատորը հաճախ է Ս. Ավետիսյանի նման «վարակակիրների» ուղարկում հարկադիր հետազոտությունների: Ցավոք, նա պատասխան չի տալու սխալ ախտորոշումների եւ ոչ էլ մարդկանց նման սթրեսներ պատճառելու համար:
Մեր ունեցած հավաստի տվյալներով՝ Նաիրա Բաբայանին սպասվում է կարիերայի նոր աճ: Եթե առողջապահության եւս մի օղակ հանձնվում է բախտի քմահաճույքին կամ ավելի ճիշտ՝ բժշկական էթիկայի եւ դեոնտոլոգիայի նորմերին չտիրապետող այս «բժշկին», մնում է միայն հուսալ, որ որքան շուտ մեծանա նրա մասնագիտական պատասխանատվությունը, այնքան ավելի արագ առողջապահության կազմակերպիչները կճանաչեն նրան:

ՀԱՅԿՈՒՀԻ ՄԱՆՎԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031