Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմուլյատիվ աֆեկտի վիճակում գտնվողին՝ 8 տարի ժամկետով ազատազրկում

Դեկտեմբեր 23,2015 12:30

Վաղինակ Հովհաննիսյանն Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) հանդես եկավ վերջին խոսքով, ասաց, որ սիրել է, սիրում է կնոջը՝ Մարինեին, եւ նրա՝ իր հետ կոպիտ խոսելուց հետո, չգիտակցելով ինչ է անում, դանակահարել է նրան:

Ուսուցչուհի կինը եւ նրա ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը իրենց «մեղադրական» ճառի ժամանակ հայտնեցին, որ դեռեւս նախաքննության փուլում իրենք դիմել են քննիչին, հայտնել, որ ներել են Վաղինակին, որ հանցագործության մասին հաղորդումը տվել են դեպքի օրը, անմիջական հուզմունքի պահին:

Մեղադրողը՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Շահեն Տոնոյանը (լուսանկարում) միջնորդել էր 8,5 տարվա ազատազրկում, ասելով, որ սպանության փորձը հիմնավորվել է գործով ձեռք բերված ապացույցներով: Հանդես գալով ռեպլիկով, դատախազը նաեւ նկատեց, որ թե պաշտպանական, թե տուժողի, թե նրա ներկայացուցչի ճառերը բովանդակությամբ գրեթե նույնն էին:

Ամբաստանյալի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ փորձագիտական եզրակացության համաձայն, Վաղինակ Հովհաննիսյանն այս տարվա ապրիլի 10-ին հանցավոր արարքը կատարելու պահին գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում:

Dat_Vaxinak_Hovhannisyan

Ինեսսա Պետրոսյան

Ըստ պաշտպանի, մեղադրողը դատարանում հանդես եկավ մեղադրական ճառով, որն ամբողջությամբ մեղադրական եզրակացությունն էր. «Որեւէ վերլուծություն չկատարեց եւ գործով ձեռք բերված ապացույցների գոյության մասին անգամ մոռացավ հիշատակել»: Վերլուծելով նախաքննական մարմնի «վարկածը», պաշտպանն ասաց. «Միակ վարկածն այն էր, որը հետեւյալն է, որ Վաղինակ Հովհաննիսյանը ցանկացել է դիտավորությամբ կյանքից զրկել իր կնոջը` Մարինեին եւ իր արարքը ավարտին չի հասցրել Մարինեի հոր կողմից այն կանխելու հետեւանքով»:

Նա հիշեցրեց, որ սույն քրեական գործը հարուցվել է ապրիլի 10-ին: Հարուցումից հետո՝ որպես տուժող ցուցմունքներ են տվել տուժողն ու նրա հայրը, եւ նրանց ընտանիքի մյուս անդամները եւ երկու զավակները: Վաղինակ Հովհաննիսյանը ձերբակալվել է մայիսի 19-ին եւ նույն օրը ցուցմունք է տվել, որին, ըստ Ինեսսա Պետրոսյանի. «Ի խախտումն իր պաշտպանական իրավունքի՝ ներգրավվել է հանրային պաշտպան, առանց ընտանիքի անդամներին տեղյակ պահելու, մինչդեռ Վաղինակի եղբայրը նույն օրը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող քննիչին այն մասին, որ դիմել են փաստաբան Ինեսսա Պետրոսյանին՝ իր եղբոր շահերը պաշտպանելու խնդրանքով: Սակայն, նման պայմաններում քննիչը հարցաքննել է Վաղինակ Հովհաննիսյանին, որից անմիջապես հետո բացարկ է ներկայացվել քննիչին իմ կողմից, որը բացակայում է գործից:

Վաղինակ Հովհաննիսյանը տվել է ցուցմունքներ եւ ի խախտումն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ նախաքննության ժամանակ հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձանց, քանի որ նման հնարավորությունից նրան զրկել է վարույթն իրականացնող մարմինը»:

Ի դեպ, Վաղինակ Հովհաննիսյանի կալանավորումից հետո` մայիսի 22-ին վարույթն իրականացնող մարմինը նշանակել է «համալիր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություն»: Փաստաբանի տեղեկացմամբ, սակայն, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի վերացրել նշված որոշումը եւ այդ փորձաքննությունը կատարվել է. «Նույնիսկ այդ փորձաքննության կատարման պատճառաբանությամբ դատարանը երկարացրել է Վաղինակ Հովհաննիսյանի կալանքի ժամկետը, քանի որ դեռեւս չէին ստացվել դրանց արդյունքները: Ի վերջո փորձաքննության արդյունքները ստացվել են` օգոստոսի 8-ին, որտեղ նշված է, որ «Վաղինակ Հովհաննիսյանն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ, գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում»:

Ինեսսա Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատարանում հրապարակված բոլոր նախաքննական ցուցմունքները քննիչի կողմից վերցված են եղել մինչ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության նշանակումը, այսիքն՝ «մինչ փորձաքննության նշանակումը՝ մայիսի 22-ը: Գործում առկա է նաեւ այն ամսաթիվը, երբ գործը հանձնվել է փորձագետներին՝ փորձաքննություն կատարելու համար»: Նա ակնարկեց, թե՝ «Փորձաքննություն կատարած դատական հոգեբանը իր եզրակացությանը հանգելու համար, համաձայն նույն փորձաքննության եզրակացության, ուսումնասիրել է քրեական գործի նյութերը, այդ թվում՝ մեղադրողի կողմից վկայակոչած նախաքննական բոլոր ցուցմունքները եւ հանգել է համապատասխան եզրակացության»:

Պաշտպանական կողմի դիտարկմամբ, հոգեբուժարանում հաշվառված, առողջական խնդիրներով տառապող Վաղինակ Հովհաննիսյանը ենթարկվել է անմարդկային վերաբեմունքի եւ տառապանքի՝ ի խախտումն Եվրոպական կոնվենցիայի:
«Ինչպես կարող է հասկանալ այդ իրավիճակը պաշտպանական կողմը, երբ իբրեւ կատարվում է նախաքննություն, նշանակվում են փորձաքննություններ, սակայն պատասխանները ստանալուց հետո, փորձ է կատարվում անձին մեղադրել առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ինչն, իմ կարծիքով, խայտառակություն է: Նման նախադեպ դեռեւս մեր դատական պրակտիկայում չի եղել: Ինչպես է պատրաստվում պատասխան տալ այս անօրինականության համար մեղադրանքի կողմը, դա կերեւա հետագայում»,- շարունակեց նա: Դիմելով դատարանին՝ պաշտպանը նաեւ հայտնեց, թե. «Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ընդամենը պատրանք է ստեղծվել, թե իբրեւ փորձում է արդարացի քննություն իրականացնել, այնինչ, նշանակված փորձաքննության պայմաններում, նա այդ եզրակացությանը որեւէ գնահատական չի տվել իր մեղադրական ճառում, կարծես թե նման եզրակացություն չի էլ ստացվել նախաքննական մարմինի կողմից եւ չի էլ հետազոտվել դատարանում, որի դատավարական ղեկավարումը իրականացվել է անձամբ իր կողմից»:

Այդ դեպքում, հարցրեց պաշտպանը՝ քրեական վարույթ իրականացնող մարմինը կարո՞ղ է, արդյոք, պետության ֆինանսական միջոցները օգտագործել՝ միջնորդել փորձաքննություն անցկացնելու, ստանալ պատասխանը եւ այն չօգտագործել քրեական գործի շրջանակներում եւ չտալ դրան համապատասխան գնահատական:

Կամ՝ եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվեր, որ Վաղինակ Հովհաննիսյանն արարքը կատարելու պահին չի գտնվել կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, ապա այն կօգտագործվե՞ր ապացույցները գնահատելիս, թե՞ ոչ:

Պաշտպանը նկարագրեց, թե ինչ ասել է «կոմուլյատիվ աֆեկտ». «Առաջին փուլը, ըստ մասնագիտական գրականության, ի տարբերություն ֆիզիոլոգիական աֆեկտի, ձգված է լինում ժամանակի մեջ՝ մի քանի օրից մինչեւ ամիսներ եւ նույնիսկ տարիներ: Նշված ժամանակահատվածում հոգետրավմատիկ ֆոնի վրա առաջանում է հուզական լարվածության կուտակում: Աֆեկտիվ պայթյունը կարող է վրա հասնել նույնիսկ աննշան առիթով: Կոմուլյատիվ եւ ֆիզիոլոգիական աֆեկտի երկրորդ եւ երրորդ փուլերը առանձնապես չեն տարբերվում միմյանցից»: Ըստ պաշտպանի, Վաղինակի մոտ կնոջ կողմից ընտանիքը քայքայելու վախը, իր նկատմամբ արհամարհանք դրսեւորելը, իրենց ընտանեկան հարաբերությունների շուրջ քննարկումներից հրաժարվելը տեւական ժամանակի ընթացքում առաջացրել են կոմուլյատիվ աֆեկտ առաջացրած լարվածության կուտակում, որի պայմաններում էլ կատարվել է արարքը:

Վկաները նշել էին, որ Վաղինակը մանկուց ունեցել է նյարդային համակարգի հետ կապված առողջական խնդիրներ, եւ հաշվառված է «Ավանի հոգեբուժական հիմնարկում»: Դատավորը երեկ հրապարակեց 8 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճիռը: Ինեսսա Պետրոսյանն «Առավոտին» ասաց, թե բողոքարկելու է դատավճիռը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
22.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել