Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը խմբակային մտածողությունից դուրս է

Դեկտեմբեր 23,2015 12:00

Մեկ «փոքրիկ» բարի գործն ավելի թանկ արժե,
քան 25 տարի տեւող բողոքները

Ամեն մի ժողովուրդ ունի խմբակային մտածողության իր կարծրատիպը: Ռուսներն, օրինակ, համոզված են, որ իրենք ապրում են թշնամական օղակի մեջ եւ միայն պատերազմներ վարելով կարող են պահպանել իրենց գոյությունը: Այդ նախապաշարումն, իհարկե, չափազանց ձեռնտու է այդ երկրի ղեկավարությանը՝ ազատելով վերջինիս՝ տնտեսությունը, տեխնոլոգիաները զարգացնելու, մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու ծանր պարտականությունից: Եթե շուրջբոլորը թշնամի են, էլ ի՞նչ տեխնոլոգիաներ: Իհարկե, Ռուսաստանում շատ են նաեւ մտածող մարդիկ, որոնք փորձում են ցրել «պաշարված ամրոցի» կարծրատիպը, բայց մեծամասնությունը շատ արագ փակում է նրանց բերանը՝ որպես «լիբերաստների» եւ «Գեյրոպայի» կողմնակիցների:

Այդ երկու «իմաստուն» բնորոշումները կիրառվում են նաեւ Հայաստանում, բայց դա մեր՝ հայաստանյան կարծրատիպերի մեջ չի մտնում, ավելի շուտ՝ մեր տեղական պուտինասերների ուղիղ փոխառությունն է: Մեր՝ վերջին քառորդ դարի խմբակային մտածելակերպն է առավոտվանից գիշեր խոսել իշխանություններից եւ մեծահարուստներից, որսալ բացասական լուրեր՝ վթարների, աղետների եւ հանցագործությունների մասին եւ ճպճպացնելով ասել՝ «վախ արա, էս ի՞նչ երկիր ա դառե»: Իհարկե, մեզանում էլ կան մտածող մարդիկ, որոնք ասում են, որ կյանքը դրանով չի սահմանափակվում: Բայց մեծամասնությունը նրանց բերանը փակում է՝ «ուրեմն դու իշխանության յանից ես» եզրակացությամբ:

Բայց բացի իշխանությունից եւ մեծահարուստներից, որոնք Հայաստանում, ենթադրենք, մի քանի հազար մարդ են, կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք, գոնե տեսականորեն, պարտադիր չէ, որ լինեն ատելության եւ նախանձի թիրախ, նրանք ապրում են քիչ թե շատ սովորական կյանքով: Նրանց մեջ կան նաեւ մարդիկ, որոնք ոչ սպանում են, ոչ գողանում են, ոչ ընտրություններ են կեղծում, այլ հակառակը՝ անում են լավ, բարի գործեր: Մեկը որդեգրել է հաշմանդամ երեխաների, մյուսը փոքրիկ բարեգործական ճաշարան է բացել, երրորդը չի ընկրկել ՀՀԿ-ական «մանկավարժ կնանիքի» եւ թաղի քրեական տարրերի առաջ եւ մինչեւ վերջ կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ դա էլ է, անշուշտ, բարի գործ:

Երիտասարդները հավաքվել են ֆեյսբուքյան խմբում եւ որոշել են օգնել սահմանամերձ մի գյուղի: Մեկ այլ երիտասարդների խումբ փող է հավաքել եւ Գյումրիում ապրող բազմազավակ մորը բնակարան է նվիրել: Նրանք միլիոնատեր չեն, օգնելով մարդկանց՝ չեն հետապնդում քաղաքական կամ էլ «տելեւիզրով» երեւալու նպատակներ՝ պարզապես նրանք ուզում են, որ իրենց երկրում կյանքն ավելի բարվոք դառնա: Այդ երիտասարդները գթասրտությունը, կարեկցանքը, համերաշխությունը, համագործակցությունն ավելի բարձր են գնահատում, քան անվերջ մեղադրանքներն ու բողոքները: Վերջապես, Հայաստանում կան մարդիկ, որոնք ունեն իրենց փոքր բիզնեսը, վճարում են հարկերը եւ իրենց, իրենց աշխատողների եւ ընտանիքների համար ապահովում են արժանապատիվ կյանք: (Հարկերը վճարող եւ իշխանական վերնախավի հետ կապ չունեցող մեծահարուստ ես, ճիշտն ասած, մեր երկրում չեմ պատկերացնում):

Բայց այս դրական օրինակների մասին գրեթե չի խոսվում, որովհետեւ դա չի տեղավորվում 25 տարի ստեղծվող հասարակական կարծրատիպի մեջ, որը հիմնված է պարզունակ բնազդների եւ խմբակային մտածելակերպի վրա: Եթե ձեր խմբում (իրական, թե վիրտուալ) ընդունված է մերժելն ու բողոքելը, ապա շատ հավանական է, որ ցանկացած բառ կամ ցանկացած տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են, օրինակ, երիտասարդները որոշել հավաքել եկեղեցու շուրջը կուտակված աղբը, կարող է նույնիսկ ցասում առաջացնել՝ «էս ինչի՞ց ես խոսում, դու սրանց մասին խոսա»: Տարբեր ժամանակներում «սրանց» դերը կատարում էին տարբեր «դեմոնացված հերոսներ»՝ համապատասխան մականուններով եւ ճշմարիտ կամ հնարած պատմություններով:

25 տարվա փորձը ցույց է տալիս, որ նման խմբակային մտածելակերպին տուրք տալը, այն զարգացնելն ու տարածելը մեզ համար փակուղային ճանապարհ է: Հավատացեք, պետք է խոսել եւ գրել նաեւ դրական օրինակների մասին Հայաստանում եւ աշխարհում՝ որքան էլ դրանք «տեղական» նշանակություն ունենան, պետք է ոչ միայն մեղադրել, այլեւ առաջարկել՝ հանգիստ տոնով, առանց հիստերիկ ճվճվոցների:
Գուցե 2016 թվականն այդ առումով բեկումնային լինի: (Կատակ):

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Հավատացեք, պետք է խոսել եւ գրել նաեւ դրական օրինակների մասին Հայաստանում եւ աշխարհում՝ որքան էլ դրանք «տեղական» նշանակություն ունենան,… ==
    .
    Գաղջն ենք ցրում, այն էլ՝ բիրիքով
    Աշխատավորով ու ընտանիքով:
    Արհեստավարժ ենք, ունենք մեծ վաստակ
    Մտքեր ենք ծամում՝ դարձնում մաստակ:
    .
    Սակայն փոխանակ ցրվի, վերանա
    Գաղջը մեր կյանքից չքվի, հեռանա
    Խտանում է ու ամեն ինչ պատում
    Ազնիվ բարքերի այս անապատում:
    .
    Դե եկ ու կուլ տուր այս մեծ բերանի
    /Տրամագծով՝ միջին գերանի/
    Խոռոչից ժայթքող գաղջը թմբիրի՝
    Որպես գոլորշի բուժիչ իմբիրի…
    .
    Ականջդ կանչի՛, անխոնջ Սիզիփոս
    Դանայան դուստրեր, ձեզ հազար ափսոս
    Որ քար ու ջրին մնալով գերի
    Օղ եք ագուցվել ունկին ազգերի:
    .
    Ու ձեզ թվում է, պատի՞ժ եք կրում՝
    Մութ, անհրապույր, հանդերձյալ երկրում,
    Չէ, պատիժ չէ դա, այլ լոկ խաղուպար.
    Կարող ես շնչել՝ հենց գործիդ կպար…
    .
    Պատիժը գա՛ղջն է, որ չունես պրծում
    Պարուրում է քեզ, բզկտում, պղծում
    Որքան որ կուլ տաս՝ նա չի նվազում,
    Այլ շատանում է անգամներ բազում…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031