Լրահոս
Օրվա լրահոսը

Չստացվեց «ճապոնական» Կարմենը, հաջողվեց՝ «հայկականը»

Դեկտեմբեր 23,2015 11:30

Արվեստագետներից ոմանք խուսափում են լրագրողների հետ հանդիպումից, մոռանալով, որ փոքր քաղաքում ենք ապրում, հետեւաբար ամեն ինչ շատ արագ իմացվում է: Օրինակ, օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Ինգա Կարապետյանցի՝ «ճապոնական» բեմելի չկայանալու լուրն էլ գաղտնիք չէր մնացել:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերին կայացած Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերայից հետո՝ օրերս հանդիպեցինք հարցազրույցից խուսափող, գլխավոր դերերգով հանդես եկած Ինգա Կարապետյանցի հետ: Նա համառ պնդումներից հետո հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: «2010թ. վերջերին Ամստերդամում, լսումների արդյունքում արժանացա Զալցբուրգի հեղինակավոր փառատոնի կազմակերպիչներից Էվա Մարիա Վիսերի ուշադրությանը: Նա բարեխոսեց ինձ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի մոտ: Ուղեւորվեցի Հռոմի օպերային թատրոն եւ մաեստրոյին ներկայացա Ֆենենայի դերերգով՝ Վերդիի «Նաբուկո» օպերայում: Սա արդեն 2011-ի սկզբներին էր, եւ այդ ժամանակ Վիեննայից ժամանած պրոդյուսերական մի խումբ նախատեսում էր 40-օրյա փորձերից հետո «Կարմեն» օպերայի տուրնեն Ճապոնիայի քաղաքներում: Ընդ որում, 20 մեցցո սոպրանոյից որպես Կարմեն երկու հոգու ընտրեցին՝ ավստրիացի մի երգչուհու եւ ինձ: Հյուրախաղերը Ճապոնիայում այդպես էլ չկայացան, բայց ոչ թե ստեղծագործական, այլ խոշորամասշտաբ բնական աղետի պատճառով»,- ասաց երգչուհին: Հետո էլ հավելեց, թե վերը նշված նախագծի հեղինակ-ռեժիսորը կուլիսներից՝ իր դուրս գալուն պես բարձրաձայն ասել է՝ «Ահա Կարմենը»:

Inga_Karapetyan-2

Տեսարան՝ «Կարմենից»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ Ռիկարդո Մուտին ի՞նչ գնահատականի է արժանացրել հայ օպերային երգչուհու կատարմամբ Ֆենենայի դերերգը: Ինգա Կարապետյանցը նշեց. «Ես դրամատիկ եմ ոչ միայն ձայնով, այլեւ կերպարների առումով: Իսկ Ֆենենան լիրիկական է, իմ ներաշխարհին չհամապատասխանող…»:

Երգչուհին չի սիրում խոսել իր անցած ստեղծագործական ուղուց, էլ չենք ասում՝ գալիք ծրագրերի մասին: Այդուհանդերձ, նա մասամբ հաստատեց մեզ հասած լուրը, թե իրեն լսել է աշխարհահռչակ մեկ այլ դիրիժոր՝ Դանիել Բարենբոյմը: «2007թ. մասնակցեցի «Վագներյան ձայներ» միջազգային մրցույթին, որտեղ ժյուրիի նախագահն էր հանրահայտ «Սիեթլ» օպերային թատրոնի ղեկավարներից Սփայթ Ջեյնքինսը եւ հրեա դիրիժոր Աշեր Ֆիշը: Այդ ժամանակ ես շա՜տ երիտասարդ էի: Կատարեցի Ֆրիկայի դերերգը Վագների «Վալկիրիա» օպերայից: Ոչ թե Բարենբոյմի, այլ նրա ասիստենտ Ժուլյեն Սալմենկուրի հետ եմ պատրաստել այս դերերգը եւ ներկայացել»,- մանրամասնեց երգչուհին:

Անդրադառնալով երեւանյան «Կարմենին», Ինգա Կարապետյանցը ժպտալով հավելեց, թե չստացվեց ճապոնականը, փոխարենը ուրախ է, որ Երեւանի թատրոնում կայացած պրեմիերային առաջինը ինքն է երգել Կարմեն: «Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը ձայների գիտակ է, հավանություն եւ հնարավորություն է տալիս երգիչներին, որոնք ունեն իսկապես օպերային ձայներ, իսկ այդ ձայներն էլ պետք է լինեն հնչեղ եւ առողջ»: Նշեց նաեւ, որ 2005թ., երբ ինքն ընդունվում էր օպերային թատրոն, հենց Գեղամ Գրիգորյանի մոտ է անցել վարպետության դասեր եւ նրա ղեկավարությամբ պատրաստել է Ամներիսի դերերգը Վերդիի «Աիդա» օպերայում:

ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ինգա Կարապետյանցը՝ Ռիկարդո Մուտիի հետ:

«Առավոտ» օրաթերթ
22.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031