Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունից 2000 եվրոյի չափով բարոյական փոխհատուցում են պահանջում

Դեկտեմբեր 22,2015 23:15

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ոստիկանության հայցով դատավճիռը կհրապարակվի հունվարի տասներկուսին: Լեւոն Բարսեղյանը պահանջում է ոստիկանությունից բարոյական վնասի փոխհատուցում մոտ երկու հազար եվրոյի չափով:

Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանի հայցը 2012-ի սեպտեմբերի 21-ին բերման ենթարկվելու գործի շարունակությունն է: Բարսեղյանը անկախության շքերթի ցուցարարներից էր ու բողոքում էր օտար զորքի, օտար դրոշի առկայությունից:  Նրան այդ օրը բերման էին ենթարկել ու երեք ժամ պահել ոստիկանությունում:

Լեւոն Բարսեղյանը դեպքից հետո դիմել էր դատարան՝ իր խոսքի, ազատ տեղաշարժի ու հավաքների ազատության իրավունքի խոչընդոտումը ոստիկանության կողմից ճանաչելու հայցով: Դատարանը ավելի քան մեկ տարի գործը քննելուց հետո բավարարել էր Բարսեղյանի հայցը: Այս գործի հետքերով, պարոն Բարսեղյանը հիմա բարոյական փոխհատուցում է ուզում ոստիկանությունից: Մեզ հետ զրույցում ասաց, որ հայաստանյան բոլոր դատական ատյաններից հետո կդիմի եվրադատարան:

Լեւոն Բարսեղյանի փաստաբան Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որ ոստիկանության ներկայացուցչի միջնորդության հիման վրա, որ կարողանա եզրափակիչ ճառով հանդես գալ: Դատարանը բավարարել էր, բայց այսօր ոստիկանության ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել, ուղարկել էր երկու էջանոց փաստաթուղթ կամ դիրքորոշում էր կամ չգիտեմ՝ ինչ, որովհետեւ անորոշ էր, թե ինչ կարգավիճակ ուներ այդ փաստաթուղթը, որով ուղղակի ասում էր, որ ենթակա է փոխհատուցման միայն անազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտման եւ գրել էր, որ ընդամենը երեք ժամ տասնհինգ րոպե Լեւոն Բարսեղյանն անազատության մեջ գտնվել, իսկ դա շատ կարճ ժամանակ է ու փոխհատուցման գումարը շատ փոքր պետք է լինի: Գրել էր նաեւ, որ մեր պահանջած փոխհատուցման գումարներն ուռճացված են, իսկ թե  ինչու են ուռճացված, հիմնավորված չէր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031