«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ hաջորդ տարի Երևանում տեղի կունենա նկարիչ Նարեկ Ավետիսյանի և գերմանացի նկարիչ Յորգեն Միդելմանի «Ներքին օրինակներ» խորագրով համատեղ ցուցահանդեսը:
«Վերացական արվեստը շատ արվեստագետների համար կոնկրետ արվեստ է: Ասելով վերացական՝ մենք նկատի ունենք ներքին իրականության պատկերումը, անտեսանելին տեսանելի դարձնելու մղումը: Եվ հաճախ այդ ուղին անցնելով՝ արվեստագետները գալիս են ինչ-որ բանաձևերի: Երևի, իմ անցած ուղին իր մոտեցումներն է դրսևորել, Յորգենինը՝ իրենը: Եվ հետաքրքիր է եվրոպական ու մեր իրականությունից բխող այդ ներքին պատկերացումները մեկ համատեղ դաշտում ներկայացնել համագործակցության և համադրության սկզբունքով»,- ասում է Նարեկ Ավետիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Յորգեն Միդելմանը կներկայացնի հիմնականում սև-սպիտակ տոնային լուծման մեջ արված աշխատանքներ, իսկ ինքը կներկայացնի «Հետքերի կտավները» կոչվող գործերը. «Բազմաթիվ կոնտրաստային, գունային լուծումներով արված կտավներ են, որոնք ձեռքերի հետքերի միջոցով են ստեղծվում: Ցուցադրվում է ոչ միայն ուղղակի պատին կախված, այլև առաստաղից՝ մի քանի շերտերով: Դիտողը կարծես թե կարողանում է մտնել ստեղծագործության մեջ, գտնվել այդ շերտերի միջև: Սա էլ ինչ-որ առումով արտահայտում է մշակութային երկխոսության գաղափարը: Ինձ բնորոշ է այդ երկխոսությունն արվեստի գործի հետ. դիտողն ինչ-որ ձևով մասնակից պիտի դառնա»,- կարծում է Նարեկ Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է օտարերկրացի արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին, նկարիչը գտնում է, որ դրանք շատ հետաքրքիր են՝ տեսնելու համար, թե ժամանակակից արվեստն աշխարհում և տարբեր լոկալ դաշտերում ինչպես է զարգանում, ինչ տարբերություններ ու նմանություններ կան և այլն:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ