Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստին տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացնելու է մի նախագիծ, ըստ որի, զգալիորեն թեթեւացվելու է հայ բեռնափոխադրողների հոգսը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքներում:
Նախագծով առաջարկվում է «ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետեւյալ փոփոխությունները՝ 1) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «մաքսային ընթացակարգ» բառերը փոխարինել «ընթացակարգ» բառով, 2) 39-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«39. Բեռների կաբոտաժային փոխադրումներն իրականացվում են միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերում»:
Իսկ ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն է կաբոտաժային փոխադրումներն ազատականացնել:
Կարդացեք նաև
Նշենք, որ կաբոտաժային փոխադրում է համարվում այն փոխադրումը, որը կատարվում է պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող երկու կետերի միջեւ մյուս պայմանավորվող կողմի պետության տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով:
Ներկայումս, ինչպես ներկայացված է նախագծում, Հայաստանի եւ այլ պետությունների միջեւ տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան Հայաստանում եւ այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելուց հետո ԵՏՄ տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է համարվում անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը, որը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողներին առավել արդյունավետ կազմակերպելու միջազգային բեռնափոխադրումները:
Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից անդամ-պետությունների տարածքում պետք է իրականացվեն կաբոտաժային փոխադրումները: Կաբոտաժային փոխադրումների ծրագիրը իրականացվելու է 4 փուլով:
Ըստ նախարարության, այս նախագծով ակնկալվում է՝ 2016 թվականի հունվարի 1-ից թույլատրել հայ բեռնափոխադրողներին Ռուսաստանի Դաշնությունում, Ղրղըզստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումը ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում: Այն հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողին զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը եւ լրացուցիչ եկամուտի աղբյուր կհանդիսանա հայ բեռնափոխադրողների համար: Արդյունքում, ինչպես նշված է կառավարություն ներկայացված փաստաթղթում, հայ բեռնափոխադրողների կողմից տվյալ բնագավառում կկատարվեն ներդրումներ, կթարմացվի տրանսպորտային պարկը, կզարգանան միջպետական բեռնափոխադրումները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այնքան հետաքրքիր է, իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մտքով չի անցել, որ փայտը ունի երկու կողմ ու օրինակի համար եթե 180.000 բեռնատար ավտոմեքենաների պարկ ունեցող Բելառուսի ավտոմեքենաները սկսեն Հայաստանի տարածքից կաբոտաժային փոխադրումներ իրականացնել, մեր ունեցած վարկի տակ 500 մեքենաները ի՞նչ պետք է անեն: