Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այցելել է ցմահ ազատազրկվածներին, որոնց մի մասը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Քրեական օրենսգրքում 2011-ին կատարված փոփոխությունները գործնականում կիրառել: Ըստ դատապարտյալների, այդ փոփոխություններով ցմահ ազատազրկվածների որոշ հանցատեսակների դեպքում պատժի մեղմացում է նախատեսվում, բայց իրենք դրանից չեն օգտվում:
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ցմահ դատապարտվածների հետ կապված բազմաթիվ խնդիրներ նշեց, որոնք լուծման կարիք ունեն. «Հասարակ պրոբլեմ կա, որը շատ հեշտ կարելի է լուծել: Երկարատեւ տեսակցություն թույլատրում են միայն ընտանիքի 2 չափահաս անդամի հետ: Իրավիճակն այսպիսին է՝ ցմահ դատապարտվածն ունի կին եւ չափահաս երկու երեխա: Կա՛մ կնոջ հետ պետք է չհանդիպի, կա՛մ երեխաներից մեկի հետ: Առանց այն էլ հասանելիք տեսակցությունը շատ քիչ է: Սրանք խնդիրներ են, որ կարելի է լուծել»:
Ըստ գործող կարգի, եթե մեկի մոտ գտնում են հեռախոս, 5 տարի արդեն այդ մարդն իրավունք չունի դիմելու պայմանական ազատման համար. «Ինքը զրկվում է այդ հնարավորությունից: Բայց պետք է նայեն՝ նա հեռախոսով դրսում հանցագործությո՞ւն է փորձել ծրագրել, թե՞ ընդամենը փորձել է իր երեխայի, հարազատի հետ խոսել: Մենք նախկին նախարարի ժամանակ առաջարկություն ներկայացրեցինք՝ մերժվեց: Խոսքը միայն ցմահների մասին չէ, ընդհանրապես դատապարտվածների մասին է: Մարդիկ կան, որոնց հարազատներն ընդհանրապես Հայաստանում չեն, օրենքով իրենց հասնում է տեսակցություն: Հիմա ի՞նչ անեն այդ մարդիկ, ասում ենք՝ գոնե skype-ով թույլ տվեք, որ մարդիկ, որոնք արտագաղթի պատճառով հեռացել են, կարողանան շփվել: Մեր այդ առաջարկը չանցավ: Երբ մարդուն դու զրկում ես ամեն ինչից, իրեն լավ զգալու ցանկացած հնարավորությունից, մարդը դառնում է հրեշ»:
Ըստ ԲՀԿ ղեկավարի, չպետք է թույլ տալ, որ ցմահ դատապարտյալները վերածվեն հրեշների:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ