Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթների երկխոսությունը կշարունակվի նաև գալիք տարում

Դեկտեմբեր 22,2015 21:30

Անցնող տարվա ընթացքում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը 11 նախագիծ է իրականացրել: Դրանցից 3-ը նվիրված են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կազմակերպվել են Հայաստանից դուրս:

Առաջինը Տիգրան Կիրակոսյանի «Ձայներ անցյալից» խորագրով անհատական ցուցահանդեսն է եղել, որն անցկացվել է Գերմանիայի Հալլե քաղաքում:

Երկրորդը հոկտեմբերին Փարիզում կայացած «100 տարի, 100 արվեստագետ» ժամանակակից արվեստի տոնավաճառ-աճուրդն է եղել, որտեղ հիմնադրամի կողմից ներկայացվել է 4 հայ արվեստագետի 6 աշխատանք, իսկ տոնավաճառից ստացված հասույթը փոխանցվել է Մարսելում գործող հայկական «Արամ» հիմնադրամին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երրորդ նախագիծը Գերմանիայի Բոնն քաղաքում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսն է, որի ընթացքում հայ, գերմանացի և իսլանդացի արվեստագետները մեկ ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել են իրենց աշխատանքները:

«2015 թվականը իսկապես շատ հագեցած և արդյունավետ տարի էր մեզ համար,- ասում է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը,- եթե 2012 թվականին ստեղծված հիմնադրամն իր գործունեության առաջին տարում կարողացավ իրականացրել 4 նախագիծ, ապա 2013-ին արդեն դրանց թիվը հասավ 7-ի, 2014-ին՝ 9-ի, իսկ այս տարի՝ 11-ի: Կարելի է ասել, որ բոլոր նախագծերն էլ փայլուն արդյունք են ունեցել»:

2015 թվականի կարևոր իրադարձություններից Սոնա Հարությունյանն առանձնացնում է նաև արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագրի մեկնարկը. «2016 թվականը հիմնադրամի համար մեկնարկում է մի շատ կարևոր նախագծով, այն է՝ Շվեյցարիայի Բազել, Գերմանիայի Ֆրայբուրգ և մեր Երևան քաղաքների միջև առաջին անգամ գործելու է արվեստագետների փոխանակման ծրագիր: Սա, կարելի է ասել, բացառիկ երևույթ է. հայ արվեստագետը մեկնելու է Ֆրայբուրգ, այնտեղ ստեղծագործելու է վեց ամիս, և այդ ընթացքում ստեղծված աշխատանքները ցուցադրվելու են հենց Ֆրայբուրգում: Հրատարակվելու է նաև պատկերագիրք»,- նշեց Սոնա Հարությունյանը:

2016 թվականի ապրիլի 24-ին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայում տեղի կունենա նաև լայնածավալ ցուցահանդես՝ «Հայաստանը երեկ և այսօր. արվեստը և լուսանկարչությունը 1975-2015 թթ.» խորագրով:

Քանի որ 2016 թվականը հոբելյանական է մեր երկրի համար. լրանում է ՀՀ անկախության 25-ամյակը, հիմնադրամը նաև այս առթիվ է պատրաստվում միջոցառումների շարք իրականացնել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031