Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրեշին տեսնելու որեւէ ցանկություն չեմ ունեցել». Նաիրա Զոհրաբյանն այցելել է ցմահ ազատազրկվածներին

Դեկտեմբեր 22,2015 20:44

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր այցելել է ցմահ ազատազրկվածների: Նրանցից 38-ը հացադուլ են հայտարարել եւ պատգամավորին ներկայացրել են իրենց պահանջը՝ ուզում ենք, որ 2011-ի մայիսի 25-ին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները մտնեն ուժի մեջ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ցմահ դատապարտվածների համոզմամբ, այդ փոփոխությունները նախատեսում են մեղմացում իրենց որոշակի հանցատեսակների համար. «Նրանք նաեւ բարձրացնում էին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի խնդիրը: Հանձնաժողովի աշխատանքը մշտապես եղել է խիստ  խնդրահարույց, ուստի դատապարտյալները պահանջում էին գործերի վերանայում: Ցմահների խնդրով զբաղվող կազմակերպությունները 10 կետից կազմված իրենց առաջարկները քանիցս ներկայացրել են ԱԺ, նաեւ մեզ: Մենք պարբերաբար խորհրդարանում այդ խնդրին անդրադառնում ենք: Կոնկրետ ինձ համար շատ կարեւոր է, որ անդրադարձ լինի բանակում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ զինվորների կողմից կատարված հանցագործություններին»:

Խորհրդարանի գարնանային նստաշրջանում քննարկվելու է նոր Քրեական օրենսգիրքը: Նաիրա Զոհրաբյանը դատապարտյալներին դրա հետ կապված որոշ խոստումներ է տվել՝ հորդորելով դադարեցնել հացադուլը. «Իրենց ակնկալիքը շարունակում է մնալ այն, որ թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանն իրենց խնդիրները պահեն ուշադրության կենտրոնում: Ես խոստացա այն, ինչ իրավասու էի եւ իմ հնարավորությունների սահմանում էր, ամեն ինչ անել, որ Քրեական նոր օրենսգրքում հստակ ձեւակերպումներ լինեն:  Իրենք ասում էին, որ 2011-ի փոփոխություններով պատժի մեղմացում արդեն իսկ պիտի լիներ, եթե դա չի գործում, ի՞նչ երաշխիք կա, որ նոր Քրեական օրենսգիրքը, որը նաեւ պրոբացիոն ինստիտուտ է ներառելու, կգործի: Մենք այնքան  հստակ պետք է լինենք ընդունվող փոփոխություններում, մեր ձեւակերպումներով, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա, որ ամեն մեկը ոնց ուզենա՝ մեկնաբանի: Եվ հետո ցմահ դատապարտվածների մեջ Հոկտեմբերի 27-ի գործով անցնող հրեշներն էլ կան: Մենք պետք է  այնքան զգույշ լինենք նոր օրենսգրքում մեր ձեւակերպումներում, որ հաշվի առնենք նաեւ այդ հրեշների գործը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք տեսա՞ք Նաիրի Հունանյանին, նա այնտե՞ղ էր՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նա այդ մեկուսարանում չէր, այլ մեկուսարանում էր պահվում: Ամռանը պատգամավորների հետ, երբ այցելել էինք դատապարտյալներին, ես ինքս չեմ եղել այն պատգամավորների մեջ, ովքեր այցելել են այդ հրեշին: Ես այդ հրեշին տեսնելու որեւէ ցանկություն չեմ ունեցել եւ երբեւէ չեմ ունենա»:

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նաեւ Արմենակ Մնջոյանի, Արմեն Տեր-Սահակյանի հետ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հույս ունի, դատապարտյալներն այսօր կդադարեցնեն իրենց հացադուլը. «Համենայնդեպս, ինձ հետ զրույցում տպավորությունն այդպիսին էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031