«Գագաթնաժողովի մասնակիցները հրաժարվել են ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակել Հայաստանի ներկայացուցչին, ինչն այս պայմաններում կընկալվեր որպես Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ցանկության դրսեւորում, ինչն էլ ճնշող մեծամասնությունը, բնականաբար չի ուզում: Արդյունքում Նիկոլայ Բորդյուժան եւս մեկ տարով կզբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- անդրադառնալով ՀԱՊԿ երեկվա գագաթնաժողովին գրել է «Московский Комсомолец»-ը:
«Коммерсант»-ն էլ գրել է, որ գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պետք է որոշեն, թե ով է լինելու կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը: Սեպտեմբերին էլ հայտարարվել է, որ այդ պաշտոնը ռոտացիոն կարգով է լինելու. «Ռոտացիան տեղի է ունենալու ռուսական այբուբենի համաձայն, այդ պատճառով, բնական է, որ Հայաստանի ներկայացուցիչը կդառնա կազմակերպության քարտուղար»,- ասել է նա: Պարբերականն էլ հավելել է, որ չնայած այս հայտարարությանը երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները երկարաձգվել են ևս մեկ տարով` մինչև 2017 թվականը:
Lenta.ru-ն գագաթնաժողովին կատարած լայնածավալ անդրադարձի մի հատվածի ենթավերնագիր գրել է «Ղարաբաղը տեսադաշտից դուրս»: «Սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Հայաստանի ԶԼՄ-ները Սարգսյանին մեղադրում են, որ դատարկաձեռն է վերադարձել այնտեղից: Մամուլին վրդովվեցրել էր, որ կազմակերպության ղեկավարներից մեկը որեւէ գնահատական չէր տվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցողին: Շատ էր խոսվում Ռուսաստանի եւ Արեւմուտքի խնդիրների մասին, էլ ավելին՝ Կենտրոնական Ասիայում «Իսլամական պետության» ակտիվացման մասին: Ղարաբաղի հարցը համառորեն չէին նկատում եւ Հայաստանի նախագահն ի զորու չէր իր գործընկերների ուշադրությունը սեւեռել այդ հարցի վրա»:
Պարբերականը հավելում է, որ խնդրահարույց գոտու մասին չխոսեցին նաեւ այս անգամ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ