Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը հույս ուներ, որ կմնա ազատության մեջ

Դեկտեմբեր 22,2015 20:05

«Անկախ դատարանի վճռից, անկախ նրանից, թե այն ինձ օգտակար կլինի, թե՝ ոչ, ես Վերաքննիչ եմ դիմելու»,- Aravot.am-ի հետ զրույցում մինչև դատավճռի հրապարակումը այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Հիշեցնենք, որ նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի  համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվեց՝ մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ համարվեց ու նրան կալանավորեցին և ոստիկանների ուղեկցությամբ տարան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Սուրենյանցը վճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:

Մեզ հետ զրույցում Սուրենյանցը նշեց, թե իր համար պարզ է, որ առաջին ատյանի դատարանը լրիվ և ամբողջական քննություն չի իրականացնում և ակնհայտորեն սուբյեկտիվ է տրամադրված. չի ընդունում իր՝ նիստը հետաձգելու մասին և այլ միջնորդություններ: Այնուհետև պնդեց. «Գործում կա իրական մեղադրյալ, որն այդպես էլ չներգրավվեց՝ նկատի ունեմ վկաներից մեկին: Վկաներից մեկը չդատակոչվեց թեև ծառայում է բանակում, բայց կարող էր մեկ ժամով գալ դատարան: Այնպես որ, ես ունեմ բոլոր հիմքերը Վերաքննիչ դիմելու համար»:

Սակայն Սուրեն Սուրենյանցը հույս ուներ, որ իր խափանման միջոցը չի փոխվելու. «Չեմ կարծում, որ մինչև Վերաքննիչ դատարան իմ խափանման միջոցը կփոխվի: Գրեթե վստահ եմ, որ չի փոխվի, կլինեմ ազատության մեջ: Այդ ընթացքում ժամանակ կունենամ մի քանի չակերտներ բացելու»:

Հարցին՝ չակերտներ ինչի՞ վերաբերյալ, պարոն Սուրենյանցը պատասխանեց. «Դատարանի սուբյեկտիվիզմի, թե ինչով է դա պայմանավորված: Դա միայն այս գործընթացով պայմանավորված չէ»:

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ ամեն գնով խնդիր էր դրված այսօր դատավարությունը ավարտել: Մեր հիշեցմանը, թե տուժողները չեն հավատում իր խոսքերին, որ մինչև Նոր տարի վնասը վերականգնելու է, պարոն Սուրենյանցն արձագանքեց. «Գումարները տնօրինում են գործով վկա ներգրավված Ռոբերտ Ահարոնյանն ու Մարիաննա Ներսիսյանը, որին միջնորդեցինք, որ որպես վկա ներգրավվի, սակայն դա այդպես էլ չեղավ»: Սուրեն Սուրենյանցը պատճառաբանեց, թե

վեց ամիս ազատազրկված է եղել և հիմա վերականգնողական որոշակի փուլ է անցնում: Նաև աշխատանքի վերականգնման ժամկետներն են խախտվել, որպեսզի գումարները վերադարձնի:

Ամփոփելով նա նշեց. «Ոչ թե չորս հոգու հետ գործ ունեմ, այլ միայն Ռոբերտ Ահարոնյանի: Ո՞նց է պատահում, որ բոլոր տուժողները լինում են մեկ մարդու աշխատողները: Երբ զգացի, որ աղջիկներին լարում է իմ դեմ, և երբ գործը իրավապահներին դեռ չէր հասել, ես նրան պահանջեցի, որ ինձ հետ վերադարձնի վնասը: Եվ երկրորդը, որի պատճառով սրվեց մեր հարաբերությունները, այն էր, որ իր հասարակական, քաղաքական, բարոյական կերպարն ինձ համար ընդունելի չէ: Տարբեր տեղերում ասել է, որ ինձնից վրեժ է լուծում «Առավոտում» տպագրված՝ իմ մի հարցազրույցի համար, որտեղ նշել էի իր սեռական կողմնորոշման մասին: Գուցե դա վճռորոշ ազդեցություն է ունեցել»:

Այս մասին Aravot.am-ը որոշ պարզաբանումներ ստացավ «Հայաստանի սոցիալիստական շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանից: Նա ասաց. «Բացեք քրեական գործը: Քանի որ իմ գրասենյակը գտնվում է Փակ շուկային մոտ, Փակ շուկայի համար պայքարի ընդմիջումներին նա գալիս էր մեր տարածք: Կապված իմ աշխատողների մասին պնդումներին՝ ասեմ, որ նրանք իմ աշխատողները չեն, տարբեր հիմնարկներ են, ուղղակի ես էլ այդ նույն տարածքում ունեմ վարձած տարածք»:

Մեր այն հարցին՝ ինչո՞ւ է Սուրենյանցը Ձեզ վկայակոչում, որ գումարներին Դուք եք տիրապետում, նա պատասխանեց. «Ինչ-որ մեկի վրա մի բան պետք է գցի՞, որ կարողանա ժամանակ շահել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031