Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը: Քննարկվեց երեք հարց:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի 2016 թվականի աշխատանքային ծրագրերի և 2016 թվականին ՀՀ Սփյուռքի նախարարին կից ատյանում քննարկվելիք հարցերի վերաբերյալ զեկուցեց սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Զեկուցողը նշեց, որ 2016 թվականին ևս իրականացվելու են սփյուռքահայերի ինտեգրման, սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»,«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը:Ֆ. Զաքարյանը շեշտեց, որ սփյուռքի նախարարության բյուջեն ուղղորդվել է կրթամշակութային, սփյուռքահայերի ինտեգրման, խորհրդաժողովների կազմակերպման, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Զեկուցողը ներկայացրեց 2016թ. ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության ծրագիր ժամանակացույցը:
Նախարարը կարևորեց նախարարության աշխատակազմի hամակարգված աշխատանքը, հավելեց, որ անհրաժեշտ է նշել 2016 թ. նախատեսված աշխատանքների ոչ միայն ժամկետները, նաև՝ պատասխանատուներին և արդյունքները:
Համագործակցության հուշագիր կնքած կազմակերպությունների հետ 2015 թ. իրականացրած ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ զեկուցեց համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը:
Զեկուցողը նշեց, որ ի կատարումն ՀՀ Նախագահի հանձնարարականի՝ 2014թ. սկսա՝ծ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական տարբեր կազմակերպությունների՝ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ օգնության միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքել է համագործակցության հուշագրեր և համաձայնագրեր: Անդրադարձ կատարվեց հուշագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իրագործված ծրագրերին ու միջոցառումներին: Ներկայացվեցին նաև 2016թ. նախատեսված միջոցառումները: Կարևորվեց «Համաշխարհային հայկական կոնգրես» և «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ների հետ համատեղ անցկացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը, Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ՝ Կարո Սասունուն նվիրված գիտաժողովի կազմակերպումը, ԱՄՆ Համազգայինի «Սայաթ-Նովա» երգչախմբի և Մոնրեալի Համազգայինի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հյուրախաղերի կազմակերպումը Հայաստանում, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հետ՝ կազմակերպության 60-ամյակին նվիրված ձեռնարկների կազմակերպումը, Հայ օգնության միության հետ՝ ՀՕՄ-ի հայաստանյան գրասենյակի 25-ամյակի հանդիսության կազմակերպումը: Զեկուցողը նշեց, որ 2016թ. հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսվում է «Աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողների համաժողով»՝ «Համազգային հայ կրթական և մշակութային միության», «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության, ՌՀՄ ՀՀԿ և ՀՄԸՄ աջակցությամբ:
Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության հաշվետվությունը ներկայացրեց մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տ. Շագոյանը: Զեկուցողը նշեց, որ վարչության գործունեության առանցքային ուղղությունը «Աջակցություն մերձավոր սփյուռքին» ծրագրի իրականացումն է, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հայկական համայնքներին մշտապես աջակցություն ցուցաբերելը, Սփյուռքի նախարարության ծրագրերին նրանց մասնակցության ապահովումը։ Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչությունը համակարգում է Վրաստանի, Թուրքիայի, Աբխազիայի, Հյուսիսային Կովկասի՝ Ադըղեայի, Կաբարդինո-Բալկարիայի, Դաղստանի, Կարաչաևո-Չերկեսիայի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի, Հարավային Օսեթիայի, Ինգուշեթիայի, Չեչենական Հանրապետությունների և Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների հետ կապը և «Հայրենիք-Սփյուռք» գործակցությունը:
Ամփոփելով 2015թ. վերջին նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, անցած տարվա ձեռքբերումներին ու բացթողումներին, և կարևորեց սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ