Դեկտեմբերի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամփոփմանը նվիրված հանդիպում՝ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, թեմի քաղաքական-գավառական, միությունների ատենապետների և Սիրիայի Հայոց ցեղասպանության հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը բարձր գնահատեց Սիրիայի պատերազմական դաժան պայմաններում հանձնաժողովի և համայնքի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության իրականացրած միջոցառումները:
Իր հերթին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց դեսպանության գործուն համագործակցության և հանձնաժողովի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպման ավարտին դեսպան Փոլադյանը Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին հանձնեց ՀՀ նախագահի շնորհակալագիրը Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների համար: Շնորհակալագրի ևս մի նմուշ հանձնվեց ՍԱՀ-ում ՀՀ դեսպանություն այցելած Բերիո թեմի առաջնորդ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 21-ին Սիրիայի մշակույթի կենտրոնների ղեկավարության կազմակերպությամբ Դամասկոսի Աբու Ռմանե մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ցեղասպանության տարելիցին ամյակին նվիրված երեկո, որի ընթացքում դեսպան Փոլադյանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության փուլերը Օսմանյան կայսրությունում» թեմայով դասախոսությամբ:
Երեկոյին նաև «Հայոց հարցի լուսաբանումներ» թեմայով հակիրճ դասախոսությամբ հանդես եկավ սիրիացի հետազոտող, դոկտոր Ռիադ Թակկի ալ-Դինը:
Միջոցառմանը մասնակցել են սիրիացի մշակութային-հասարակական գործիչներ, հայ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Երեկոն լայնորեն լուսաբանվել է սիրիական մամուլի էջերում:
ՀՀ ԱԳՆ