Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ամփոփեց մրցաշրջան 2015-ը, սակայն մինչ այդ շնորհակալագրեր հանձնեց տարվա ընթացքում նախարարության հետ համագործակցած եւ աշխատանքները լուսաբանած մի քանի լրագրողների: «Իրականում բոլոր լրագրողներն էլ մեր գործընկերներն են, մենք ոչ ոքի չենք տարանջատում: Ովքեր մեր մասին վատն են գրում, նրանք էլ են մեր գործընկերները եւ դա էլ է պետք» – նշեց նախարարը եւ անցավ ասուլիսի բուն թեմային:
Նախարարը մանրամասն չանդրադարձավ տարվա ընթացքում նախարարության կատարված բոլոր աշխատանքներին, քանի որ դրանք մամուլի հաղորդագրության տեսքով նախապես տրամադրվել էին լրագրողներին: Սակայն կարեւորեց մասսայական սպորտի, երիտասարդության եւ մեծ սպորտի ոլորտներում իրականացրած մի քանի ծրագրեր: Նա նշեց, որ 2015 թվականին մեր մարզիկները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում Ուսանողական համաշխարհային խաղերում, միջազգային խոշոր մրցաշարերում, ընդհանուր առմամբ նվաճել են 138 մեդալ, որից 37-ը՝ ոսկե, 45-ը՝ արծաթե եւ 56-ը՝ բրոնզե: «Սա բավականին լավ արդյունք է, թեեւ մենք գոհ չենք: Ճիշտ է, մենք ամեն տարի ենք այսպես ասում, բայց գնահատականը հանրությունը պետք է տա: Մրցաշրջան 2015-ում մեր մարզիկներն արդեն նվաճել են Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերի 11 ուղեգիր. հունահռոմեական ըմբշամարտ՝ 2, ազատ ըմբշամարտ՝ 1, մարմնամարզություն՝ 1, ծանրամարտ՝ 7: Եվ ուղեգրերի թիվը եկող տարի կավելանա:
Այս տարի մենք կառավարության շատ լուրջ ծրագիր իրականացրինք: Դա գույքային ծրագիրն է, որի շրջանակներում անկախ գերատեսչական ենթակայությունից գույք տրամադրեցինք մարզադպրոցներին: Ճիշտ է, բոլորին ապահովել հնարավոր չէր, սակայն ծրագիրը շարունակական է: Իրականացրինք նաեւ մեր համոզմամբ անչափ կարեւոր երկու նոր ծրագիր՝ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» ծրագրերը: Մենք շատ ենք կարեւորում այս երկու ծրագրերը: Նախ՝ ֆիզիկական կուլտուրան պետք է ակունք առնի նախադպրոցական տարիքից, երկրորդ՝ հաշմանդամություն ունեցող անձանց պետք է լիարժեք հասարակական կյանք ինտեգրել նաեւ առողջ ապրելակերպի, սպորտի միջոցով: Այս ուղղություններում, ինչպես ասում են, սառույցը կոտրվել է», – ասաց Գ. Ղազարյանը եւ ավելացրեց, որ նախարարության գերնպատակներից մեկն էլ հաշմանդամային սպորտին զարկ տալն է, որի համար մշակվում եւ իրականացվում են արդեն կոնկրետ ծրագրեր:
Նախարարը որպես տարվա հաջողված մասսայական ծրագիր գնահատեց առաջին անգամ անցկացված կիսամարաթոնը, որի, թերեւս, միակ թերությունն այն էր, որ մի որոշ ժամանակ մայրաքաղաքի կենտրոնի փողոցները պարալիզվել էին: Շատ է սերտացել ֆեդերացիաների հետ համագործակցությունը: Նրա խոսքերով, ֆեդերացիաներ կան, որոնք իրենց ծրագրերը կազմելիս խորհրդակցում են նախարարության համապատասխան վարչությունների ու բաժինների մասնագետների հետ: Թեեւ ֆեդերացիաներին որպես ՀԿ-ների պետական կառույցը որեւէ բան պարտադրելու իրավասություններ չունի, սակայն այդպիսի համագործակցությունը աշխատանքները դարձնում է ավելի արդյունավետ:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե ներկայումս ֆեդերացիաների աշխատանքների լսումների փուլն է, դրանք բովանդակայի՞ն են, թե ընդամենը թվարկվում են տարվա ընթացքում մասնակցած մրցումները, նվաճած մեդալների քանակը, ինչպես եղել է տարիներ առաջ, Գաբրիել Ղազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե առաջ ինչ է եղել, բայց հիմա հնարավորին չափ հանգամանալի քննարկվում են այս տարվա համար ներկայացված ծրագրերի կատարումը, դրանց արդյունավետությունը կամ հակառակը, ինչպես նաեւ եկող տարվա ծրագրերը»:
Գաբրիել Ղազարյանը խոսեց նաեւ նախարարության կատարած մյուս կարեւոր ծրագրերի մասին, որից հետո պատասխանեց լրագրողների բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հասմիկ Բաբայանի