Այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը խոսեց հայկական բանակի մասին:
Նրան քաղաքացիներից մեկը հարցրել էր՝ դուք կարո՞ղ եք մատնացույց անել մի հարուստի, մի օլիգարխի կամ մի պաշտոնյայի զավակի, որը այսօր ծառայում է բանակում: Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Չեմ կարող մատնացույց անել: Կարծում եմ, նորություն չէ, որ մեր բանակը աղքատների բանակ է դարձել: Կեղեքող գեներալների եւ աղքատ ընտանիքների զինվորների բանակ է դարձել: Ովքեր խոսում են մեր բանակի մարտունակության մասին, եթե կա այդ մարտունակությունը, ապա քաղաքական ղեկավարություն թող շատ լավ իմանա, որ դա իրենց շնորհքը չի, դա մեր գեների շնորհքն է: Բոլորս պիտի հասկանանք՝ մարտունակ բանակ չի կարող լինել՝ առանց երկրի ներսում սոցիալական արդարության»:
Նա ասաց, որ այս օրերին սահմանային լարվածությունը նորություն չէ, պարզապես վերջին ամիսներին աննախադեպ է օգտագործված զենքը. «Մենք իրավունք չունենք սա կոչելու զինադադար: Այդ պայմանագիրն ի սկզբանե խոցելի է եղել եւ ի սկզբանե ի վնաս մեզ է եղել: Մենք այս պայմաններում հարյուրավոր զոհեր սահմանին չէինք ունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ