Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստ»-ի ղեկավարությունը խաբում է Գագիկ Բեգլարյանին». «Հայփոստ»-ի գործազուրկ դարձած աշխատակիցներ

Դեկտեմբեր 22,2015 18:07

Օրերս դարձյալ Aravot.am-ին էին դիմել «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գործազուրկ դարձած աշխատակիցները՝ դժգոհելով, որ Էդուարդո Էռնեկյանի վստահված անձը՝ «Հայփոստ Թրաստ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն, արգենտինահայ Խուան Պաբլո Գեչիդջյանը ակնհայտորեն խաբում է ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Գ. Թադեւոսյանին:

Բանն այն է, որ Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղի լուծարման պատճառով գործազուրկ դարձած 13 աշխատակիցները իրենց աշխատանքի վերականգման հարցը կարգավորելու խնդրանքով 3 հոգուց բաղկացած պատվիրակություն էին ուղարկել ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարություն, դիմում էին գրել՝ հասցեագրված Գագիկ Բեգլարյանին:

Haypost_1

Նախարարությունն էլ, քանի որ բաժնեմաս ունի «Հայփոստ»-ում, այն հավատարմագրային կառավարման է հանձնված Էդուարդո Էռնեկյանին, իրեն իրավունք է վերապահել գրություն ուղարկել ու պարզաբանումներ պահանջել «Հայփոստ Թրաստ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն, Խուան Պաբլո Գեչիդջյանից: Հետաքրքրվել են, թե ինչո՞ւ համապատասխան աշխատանքի չեն տեղավորում գործազուրկ դարձած աշխատակիցներին:

Ի պատասխան հարցադրման, պարոն Գեչիդջյանը պատասխանել է.«Հայփոստ» ՓԲԸ փոստային մասնաճյուղերի լուծարումն ու կառավարման տարածաշրջանային մոդելի ներդրումը իրականացվել ու իրականացվում է ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակում, իսկ կրճատվող հաստիքները զբաղեցնող աշխատողներին օրենքով սահմանված կարգով առաջարկվել է նոր աշխատանք կամ տրամադրվել են օրենքով սահմանված փոխհատուցումները:

Այսպես` «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի լուծարման հետեւանքով կրճատվել են թվով 13 հաստիքներ, արդյունքում լուծարվել են նշված 13 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը: Նրանց առաջարկվել է նույն աշխատանքը «Հայփոստ» ՓԲԸ Սպիտակի մասնաճյուղում, որից նրանք հրաժարվել են եւ արդյունքում ստացել են փոխհատուցման գումար 3 ամսվա աշխատավարձի չափով: Աշխատակիցներին տեղեկացվել է նաեւ, որ Գյումրիի փոստային բաժանմունքներում թափուր աշխատատեղերի առաջացման պարագայում (որը ներկա պահին առկա չէ), նրանք կդիտարկվեն որպես հնարավոր թեկնածուներ:

Նշենք նաեւ, որ բողոքը ստորագրվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի երեք նախկին աշխատակիցների կողմից, որոնց եւս առաջարկվել Է աշխատանք եւ տրվել է օրենքով սահմանված փոխհատուցում 3 ամսվա աշխատավարձի չափով: Աշխատողների պահանջը, բացի այն, որ ոչ իրավաչափ է, նաեւ անիրականանալի, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ն չի կարող ստեղծել գործառույթներ, որոնք չեն բխում ընկերության անհրաժեշտությունից»:

«Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի գործազուրկ դարձած աշխատակիցները նշում են, որ իրենց անիրատեսական առաջարկ են արել. առաջարկել են իրենց ծախսերով գնալ ու աշխատել Սպիտակում, իսկ իրենք ստանում են նվազագույն աշխատավարձ՝ ընդամենը 50 հազար դրամ, բացի այդ Գյումրիից Սպիտակ ընդամենը մեկ անգամ է տրանսպորտ աշխատում, առավոտյան ժամը 11-ին:

Իսկ Նարինե Մկրտչյանը, որը 13 աշխատակիցներից միակն է եղել, որը համաձայնել է Խուան Պաբլո Գեչիդջյանի առաջարկին, այն է՝ գնալ Սպիտակում աշխատելու, նրան առաջարկվել է բոլորովին այլ աշխատանք. նա Գյումրիում եղել է կոմերցիոն պատասխանատուն, Սպիտակում առաջարկել են մուտքագրող օպերատոր:

«Խուան Պաբլո Գեդիչյան, մի փորձեք ապակողմնորոշել փոխնախարարին, դա՞ է ձեր առաջարկած նույն աշխատանքը, շատ լավ բառեր էիք օգտագործել՝ անիրականալի ու անիրատեսական, այս բառերը պետք է օգտագործել բնութագրելու հենց ձեր առաջարկը, եթե չեք կարող մի լավ բան անել, ձեր ստերով մեզ մի նյարդայնացրեք, հերիք է, հանգիստ թողեք: Ի սկզբանե հայտնի է, որ ձեր նպատակը մեզանից ազատվելն էր, այնպիսի առաջարկ անելը, որ ոչ մեկը չհամաձայնեին»,- ասում են «Հայփոստ»-ի գործազուրկ դարձած աշխատակիցները՝ տրանսպորտի ու կապի նախարարին հորդորելով դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել այս մարդու հետ իրականությունը պարզելու ու հարցին վերջնական լուծում տալու համար:

Aravot.am-ը դիմեց «Հայփոստ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանին՝ փոխանցելով նախկին աշխատակիցների վրդովմունքը: Վերջինս մեկ անգամ եւս փաստեց, որ նրանց բոլորին անխտիր առաջարկվել է համապատասխան աշխատանք Սպիտակում, այլ հարց է, որ նրանց համար չի եղել:

Նշենք, որ «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղի լուծարումն արդեն իսկ շիլաշփոթ է ստեղծել, փոստի փոխանակումը Սպիտակից Գյումրիի միջեւ կատարվում է փողոցում: (Տես լուսանկարներում):

Haypost_3 Haypost_4 Haypost_5

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031