«Խոսողը կխոսի, վերլուծաբանը կվերլուծի, բամբասողը կբամբասի, ասողը կասի, իսկ անողը կանի»,- քիչ առաջ այս խոսքերով՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բացեց Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական ժողով-ասուլիսը:
Նա ողջունեց հանդիպմանը եկած «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ տարբեր մարզերում բարձրացված 14 օրակարգային խնդիրներից առաջնայիններին. «Առաջինը՝ պետական հանցագործ Սերժ Սարգսյանի ազատումը բռնազավթած աթոռից ու աշխատանքից եւ երկրորդը՝ մինչեւ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները ժողովրդի վստահության կառավարության կազմավորում»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այս ընթացքում իրենք եղել են ՀՀ 20 քաղաքներում, որոնցից 15-ում ունեցել են ժողովներ. «Այս 15-րդ ժողովում մենք պիտի հաստատենք այս օրակարգը եւ հաստատենք դրանից բխող պատասխանատվությունը, որ յուրաքանչյուրդ ունի»:
Կարդացեք նաև
Նա պատմեց, թե ինչ ընդունելության են արժանացել Կապանում, աշխատանքային ժամերին ուսուցիչների են բերել: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այս անգամ ՀՀԿ-ն փչացրեց նաեւ իր երիտասարդ սերնդին՝ նրանց էլ դարձրեց մեղսունակ՝ կեղծելով հանրաքվեն. «Իջեւանում եւ Վանաձորում եղան մարդիկ, ովքեր թիրախավորված ասելիք ունեին, հայհոյում էին կանանց: Այդ մարդիկ ավագանու անդամ էին, մարզպետի ենթականեր»:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ 2013-ի նախագահական ընտրություններին եւ ասաց, որ Գորիկ Հակոբյանը բազմաթիվ «դոսյեներ» ունի. «Գասպարյան գեներալը նույնպես, դատախազը նույնպես գիտի, որ այդ օրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Աբրահամյանի շտաբի օգնությամբ ողջ ուղղահայացով կատարեցին գիտակցված եւ մինչեւ վերջին մանրամասնությունը իրականացված պետական հանցագործություն: Դա բոլորը գիտեն»:
Նա այս անգամ պահանջեց, որ Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը եւ մյուսները իրենց այդ «դոսյեները» բացեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Նոր Հայաստանը» հրապարակից չի հեռանալու, լինելու են ՀՀ տարբեր մարզերում եւ Նոր տարում Նոր Հայաստան են կառուցելու. «Մոտ է գարունը, շուտով կբացվի: Բացվելու է մեր քաղաքացիական եւ մարդկային կյանքի գնով: Առողջությունը, կյանքը թանկ է մեզ համար, ոչ մի զոհ չենք տալու՝ ոչ քաղաքացու, ոչ ոստիկանի»:
Հարցին՝ ինչո՞ւ չհաջողվեց գտնել իշխանափոխության բանալին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ շատ են ասում՝ իշխանափոխություն, իշխանափոխություն. «Նպատակը իշխանափոխությունը չէ, նպատակը իշխանություն ձեւավորելու ժողովրդի սահմանադրական իրավունքը կատարելն է:Ոչ մեկը հիմա թող գլխաքանակ չհաշվի, իրենք շատ լավ գիտեն, որ հիմա ժողովուրդը ճիշտ ուղու վրա է: Մոտ է գարունը, այդ օրը գալու է»: Նա ասաց, որ մարգարե չէ եւ չի կարող ասել կոնկրետ օրը, թե երբ է լինելու իշխանափոխություն. «Բոլորը պետք է հասկանան, որ առաջին հերթին ինքն իր համար, իր երեխաների համար պիտի դուրս գա ու պայքարի մաս կազմի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ