Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի թույլ տալ, որ Արեւմտյան Հայաստանում քրդական անկախ պետություն ձեւավորվի»

Դեկտեմբեր 22,2015 17:50

«Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում հակասությունների մի մեծ կծիկ կա՝ սկսած անդամակցության հարցից: Տասնամյակներ շարունակ գործընթացը ձգձգվում է, ԵՄ-ն նորանոր պայմաններ է առաջադրում Թուրքիային: Կիպրոսը չի ճանաչվում Թուրքիայի կողմից, իսկ գիտենք, որ այդ երկիրը ԵՄ անդամ է»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների հնարավոր զարգացումներից, ասաց պատմաբան Արմեն Մարուքյանը:

Նրա բնորոշմամբ. «Անկարան իր աշխարհաքաղաքական ամբիցիաներով ձեռնոց է նետել բոլոր ուժային դերակատարներին, եւ «նեոօսմանականության» գաղափարը հավասարապես հակադրվում է նաեւ ԵՄ-ին»:

Մարուքյանը նկատեց, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին լուրջ «թնջուկ» է նաեւ քրդական հարցը. «Դրա սրումն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Սա լուրջ խնդիր է, մենք պետք է ձեռքը զարկերակի վրա պահենք: Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած զարգացումները, թուրքական զորքերի մուտքը Իրաք եւ հիմա արդեն դուրսբերումը, Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության ակտիվացումը կարող են լուրջ խոչընդոտներ հանդիսանալ: Պետք է ուշադիր հետեւել այդ գործընթացներին, ինչ-որ չափով՝ նաեւ ներազդել: Չի կարելի թույլ տալ, որ մեր հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում, այս պայքարի արդյունքում ձեւավորվի քրդական անկախ պետություն, ինչի հետեւանքով մեր խնդիրը տասնապատիկ անգամ կբարդանա»:

Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գնահատական է տալիս ԵՄ-ի կողմից Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելու որոշմանը:  Հիշեցնենք, որ ԵՄ-ի այդ որոշումը նպատակ ունի կանխել փախստականների հոսքը Եվրոպա: «Սա ժամանակավոր որոշում է: Միգրացիոն ճգնաժամի պարագայում Թուրքիան դիտվում է որպես բուֆերային տարածք, որպեսզի իր վրա վերցնի միգրանտների հոսքը: Մեծ հաշվով, այդ որոշումը չի կարող ազդել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա, քանի որ այդ հարաբերություններում առկա խնդիրները գնալով ավելանում են: Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման զանգվածային դեպքերն ավելանում են՝ հատկապես քրդերի նկատմամբ»,-եզրափակեց պատմաբանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    թուրքիայից տարածքներ տալ քրդական ստեղծվելիք պետությանը նշանակում ՝է օրակարգի մեջ դնել Սեվրի պայմանագիրը,դրան չի կարելի խոչընդոտել;պետք է հարցը օրակարգ մտցնել հետո նոր որպես պահանջատեր հանդես գալ;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031