Այսօր ամփոփելով ընթացիկ մարզական տարին՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը նշեց, որ թեեւ մրցաշրջան 2015-ում Հայաստանի ձյուդոիստներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 33 մեդալ, ինչը քանակի առումով բավարար է, բայց խնդիր եղավ այն առումով, որ պաշտոնական մրցումներում բավարար քանակի մեդալներ չկարողացան ունենալ:
Դավիթ Խիթարյանը դրա պատճառներից մեկը համարեց մարզաձեւի ապրիլ ամսին նախատեսված Եվրոպայի առաջնության հետաձգումը ամառ եւ այն Բաքվում Եվրոպական 1-ին խաղերի հետ անցկացնելը: «Դա մարզիկների համար հոգեբանական լրացուցիչ խնդիրներ առաջացրեց: Բացի դա, օրացուցային պլանում նախապատրաստության հետ կապված խնդիրներ առաջացան: Մի քանի շաբաթների տարբերությունը բարձր կարգի մարզիկների համար խնդիր է նախապատրաստության եւ լավ արդյունքների առումով», – ասաց նա:
Պարոն Խիթարյանը գոհ է երիտասարդներից, որոնք վերջին տարիներին կայուն արդյունքներ են ցույց տալիս: Եվրոպայում նրանք երկու բրոնզ նվաճել են, «Սակայն աշխարհի առաջնությունում չստացվեց: Իմ չսիրած խոսքն է, բայց այս անգամ պիտի ասեմ, որ կողմնակալ մրցավարության պատճառով Վահագ Հովսեփյանը զրկվեց մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից», – ասաց Դ. Խիթարյանը եւ ավելացրեց, որ 33 մեդալներից 6-ը վարկանիշային մրցաշարերում է նվաճվել:
«Օլիմպիական ուղեգիր տղամարդկանց տալիս են վարկանիշային ցուցակի առաջին 22 տեղերը, կանանց համար՝ 14-ը: Տարին մենք սկսել ենք այնպիսի վիճակով, երբ մեր ձյուդոիստներն այդ հարթությանը մոտ էլ չէին: Իսկ հիմա, երբ տարին ամփոփում ենք, Հովհաննես Դավթյանը 14-րդն է, իսկ Ժաննա Սանկեւիչը՝ 28-րդը: Այս առումով մենք տարին գնահատել ենք բավարար, քանի որ մեր գլխավոր նպատակը օլիմպիական վարկանիշ ապահովելն է: Տարվա վերջում մեզ համար նորություն եղավ 66 կգ քաշային, 23-ամյա Ֆերդինանտ Կարապետյանին Հայաստանի հավաքական բերելը Ռուսաստանից: Այդ գործընթացը բավականին ձգձգվեց, քանի որ Ռուսաստանի մարզիչները չէին համաձայնում», – ասաց Դ. Խիթարյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, ֆեդերացիան որոշակի հույսեր է կապում ինչպես Ֆերդինանտի, այնպես էլ Ժաննա Սանկեւիչի հետ, որոնք, սակայն, եկող տարի պետք է մասնակցեն հնարավորին չափ վարկանիշային մրցաշարերի, որպեսզի օլիմպիական ուղեգրի համար միավորներ վաստակեն:
Դավիթ Խիթարյանի հետ էր նաեւ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, որը վերջին տարիների Հայաստանի լավագույն ձյուդոիստներից է եղել: Երիտասարդ մարզիչը լուրջ է վերաբերվում իր նոր նշանակմանը եւ ձյուդոն առաջ տանելու մեծ ցանկություններ ունի:
Aravot.am-ի հարցին՝ լավ մարզիկ լինելը մի բան է, լավ մարզիչ լինելը բոլորովին այլ բան: Ինքը պատրա՞ստ է դրան, Արմեն Նազարյանը պատասխանեց. «Վերջին տարիներին ես բնակվել եւ մարզվել եմ Գերմանիայում եւ այնտեղի մարզիչներից բավականին բան եմ սովորել: Կարծում եմ, Գերմանիայում յուրացրած հմտությունները եւ գիտելիքները կկարողանամ ծառայեցնել հայկական ձյուդոյին, իհարկե, այստեղի իմ ավագ մարզիչ-գործընկերների հետ համատեղ աշխատելով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հասմիկ Բաբայանի