Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Հրադադար այլևս չունենք, սա պատերազմ է»

Դեկտեմբեր 22,2015 17:27

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այսօր սահմանին իրավիճակը հանգիստ է եղել և հույս հայտնեց, որ իրավիճակը աստիճանաբար կգնա դեպի հանդարտեցում՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով և Ադրբեջանում գոյություն ունեցող լարվածությամբ:

Սակայն պարոն Հովհաննիսյանը միևնույն ժամանակ շեշտեց. «Մենք չունենք խաղաղություն, մենք ունենք հարաբերական հանգիստ վիճակ»:

Այնուհետև լրագրողներին հորդորեց չօգտագործել «հրադադարի խախտում» եզրույթը. «Գաղտնիք չէ, որ չի մնացել մի փորձագետ ու մասնագետ՝ անգամ բանակից հեռու, որ այս իրավիճակը պատերազմ չգնահատի: Սա պատերազմ է: Կխնդրեի ձեր գրական տերմինաբանության մեջ օգտագործել պատերազմ բառը, և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, քանի որ հրադադար այլևս չունենք»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինատեսակների փոփոխությանը, երբ հակառակորդը կրակում է արդեն տանկերից, պարոն Հովհաննիսյանը նկատեց. «Տանկի կրակոցը առանձնահատուկ այնքան մեծ ազդու չէ դիրքում մարտական ֆունկցիա կատարելիս, ինչքան հրետանին: Քանի որ տանկը միշտ առաջնագծում չի գտնվում, առանձնահատկությունն այն է, որ այն բերվել է առաջնագիծ: Այս տարի էսկալացիայի առումով ունենք Դ-30 հաուբիցների կիրառություն, որը շատ ավելի ազդու է և դրա կիրառությունը առաջնագծում ավելի վտանգավոր է, քան տանկերի»:

Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանի ռազմական գործողություններին համապատասխան ռազմական հակահարված չի տրվում հայկական կողմից, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարելի է տասը արկին մեկ արկով պատասխանել, բայց ավելի դիպուկ»:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այնպես չէ, որ Ադրբեջանը նման տանկեր ու ծանր հրետանի սահմանին կիրառելով՝ ինչպես հաճախ հանրությունն է մեկնաբանում, իր առաջ դնում է մի քանի զինվոր վերացնելու հարցը, այլ, ավելին, նա իր առաջ ավելի լուրջ խնդիրներ է դնում, որոնք չեն ստացվում. «Ինչո՞ւ տրամաչափը հասցրեց Դ-30-ի, քանի որ նախորդ դեպքում ավելի հուժկու հակահարված էր ստանում, իր գերագույն խնդիրը տապալեց, հաջորդ անգամ տրամաչափը փորձում է մեծացնել»:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ադրբեջանական կողմի զոհերի թիվը 15-ի սահմաններում է ու հավելեց. «Հիմա հստակ թվեր չեմ կարող ասել, բայց ավելի քան տասնհինգ զոհերի մասին է խոսքը: Տարվա վերջին կունենանք մոտավոր պատկերը հակառակորդի զոհերի և վիրավորների մասին: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ դրանք անցնում են 210-215-ը: Ադրբեջանի դեպքում նման վերջնական թվեր նշելը դժվար է, քանի որ հստակ քողարկում կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031