Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի ձևավորման մեջ

Դեկտեմբեր 22,2015 17:23

Դեսպան Արա Պապյան, 

Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար,

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

Պատերազմները մարդկության պատմության մշտնջենական ուղեկիցներն են: Բնական է` եթե կան շահեր, ապա կան նաև շահերի բախումներ: Հետևաբար, մշտապես առկա են այդ բախման ամենածայրահեղ դրսևորումները՝ պատերազմները: Մեր ժամանակաշրջանը ևս բացառություն չէ: Աշխարհում ընթանում են բազմաթիվ պատերազմներ, զինված բախումներ ու ռազմական հակամարտություններ: Այսուհանդերձ, ներկայումս ընթացող պատերազմական գործողություններն ունեն մի առանձնահատկություն, որն էապես տարբեր է, օրինակ, նախորդ դարի պատերազմներից:

20-րդ դարի պատերազմների կամ զինված դիմակայության ճնշող մեծամասնությունն իր բնույթով միջպետական էր: Այսինքն, անվտանգության մարտահրավերները բխում էին պետություններից կամ պետությունների համախմբից և ուղղված էին այլ պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ, նպատակամղված էին պետության քաղաքական և տնտեսական շահերի պաշտպանությանը: Փոքր թիվ էին կազմում ներպետական ընդհարումները, որոնք իրենց բնույթով քաղաքացիական էին և ունեին գաղափարական հիմք՝ խարսխված հիմնականում դասակարգային  կամ ազգային-ազատագրական պայքարի վրա:

Ակնհայտ է, որ ներկայումս ընթացող պատերազմական գործողությունների մեծ մասն իր բնույթով ներպետական է, եթե մինչև իսկ դրանք ընդգրկում են մեկից ավելի պետության տարածք: Դրանց մեծ մասում հակամարտության կողմեր են հանդիսանում ոչ թե պետություններ, այլ պետության ներսում ապրող էթնիկ, կրոնական կամ հարանվանական խմբերը: Եթե անգամ առկա է որևէ պետության կամ պետությունների միջամտություն նշյալ հակամարտությունների մեջ, ապա դա ոչ թե ինքնուրույն գործոն է, այլ ածանցյալ և չի փոխում հակամարտության բնույթը:

Ըստ այդմ, ներկայումս որևէ երկրի անվտանգության միջավայրն ուսումնասիրելիս, առավել ևս ձևավորելիս, բավական չեն նախկին մոտեցումները: Ի լրումն միջպետական հարաբերությունների` գնալով ավելի ու ավելի են կարևորվում պետության ներսում ապրող այլադավան կամ այլախոս կազմակերպված խմբերի հետ հարաբերությունները: Ցանկացած պետություն, անկախ հզորության չափից, կարիք ունի այլ պետությունների ներսում իր նկատմամբ բարեկամաբար տրամադրված կազմակերպված խմբերի առկայության:

Այս դրույթը  մեծապես վերաբերում է նաև  Հայաստանին:  Իրողություն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր չորս հարևաններից երկուսի հետ գտնվում է բացահայտ առճակատման մեջ: Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարելի է որակել որպես դիմակայություն, որն էությամբ թշնամական է, քանի որ Թուրքիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1993թ.-ից ի վեր իրականացնում է ցամաքային շրջափակում: Միջազգային իրավունքն անօրինական շրջափակումը բնորոշում է որպես պատերազմական գործողություն: Թեև Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը զինադադարի եռակողմ  համաձայնագիր  ունեն՝ ստորագրած 1994թ. մայիսին Բիշքեկում, այսուհանդերձ ներկայումս վիճակն ավելի շուտ պատերազմական է, քան խաղաղ: Կողմերը մշտապես գտնվում են լայնածավալ և դաժան պատերազմի բռնկման շեմին:

Ցանկացած տարածաշրջանում խաղաղությունը խորքի մեջ խարսխվում է հակամարտ կողմերի ռազմաքաղաքական հավասարակշռության վրա: Անվիճելի է, որ Հայաստանը (Հայաստան ասելով մշտապես հասկանում ենք նրա երկու բաղադրիչների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնությունը) անվտանգության ապահովման բոլոր բաղադրիչներով զիջում է Թուրքիայի և Ադրբեջանի հնարավորություններին առանձին-առանձին և, բնականաբար, առավել ևս դրանց համադրված միասնությանը:

Ըստ այդմ, երբ քննում ենք Հայաստանի սահմանակից չորս երկրների  կարողականությունը և ռազմա-քաղաքական մտադրությունները, ապա ակնհայտ է դառնում, որ նրանցից առնվազն երկուսը լուրջ վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը: Առ այսօր նման հաշվարկների համար ամենից հարմարը ամերիկացի հայտնի քաղաքագետ Ռեյ Քլայնի (Ray Cline)  պետության հզորության (“power potential”) հաշվարկի բանաձևն է`  Pp = ( C + E + M ) x ( S + W )[1]:  Այս բանաձևից  ակնհայտ է, որ պետության հզորությունը նույնքան պայմանավորված է նրա ստրատեգիական նպատակի առկայությամբ և դրան հասնելու պետական նպատակամղվածությամբ  (տես` բանաձևի երկրորդ մասը), որքան բնակչությամբ, տարածքով, տնտեսական և ռազմական հզորությամբ (տես` բանաձևի առաջին մասը): Պետության հզորությունը որոշակի ցուցանիշների սոսկ գումար չէ, այլ շոշափելի, նյութական ցուցանիշների բազմապատկումն է նպատակի և նպատակամղվածության գումարային ցուցանիշով: Կարճ ասած, Հայաստանին սպառնացող վտանգներն ու մարտահրավերները՝ անվտանգության սպառնալիքի աստիճանը հաշվարկելու համար հարկ է ընդհանուր առմամբ հասկանալ երկու բան՝ սպառնացող երկիրը Հայաստանը կործանելու բավականին քաղաքական կամք և կարողություն ունի:

Այս տեսանկյունից անդրադառնանք ՀՀ հարևաններին:

Ակնհայտ է, որ, թեև Վրաստանում հասարակության որոշ լուսանցքային խմբերի մոտ առկա որոշակի հակահայկական տրամադրություններին` Վրաստանը պետության մակարդակով չունի Հայաստանը ոչնչացնելու ո՛չ քաղաքական կամք և ո՛չ էլ կարողություն: Ուստի, անկախ Վրաստանի հետ մեր ունեցած հարաբերությունների վայրիվերումներից` այն չի կարող դիտարկվել որպես անվտանգության սպառնալիք:

 

Իրանը, չնայած իր շիա կրոնապետական բնույթին, նույնպես սպառնալիք չէ, քանի որ, թեև ունի կարողություն, բայց չունի նման քաղաքական կամք, գոնե ներկա փուլում, քանի որ անգամ Իրանի կրոնական քաղաքական վերնախավի համար պետության աշխարհաքաղաքական շահերն ավելի կարևոր են կրոնական կապերից:

Այլ են մեր երկու հարևան թյուրքական պետությունները: Թուրքիայի Հանրապետությունն ունի նման կարողություն: Առայժմ մի կողմ ենք դնում ՀՀ դաշնակիցների կարողությունների և պարտավորությունների հարցը: Քաղաքական կամքի տեսանկյունից ևս մենք, հատկապես վերջին տարիներին, նկատում ենք որոշակի փոփոխություն՝ Հայաստանին, թուրքերի բառերով, «պատժելու ու դաս տալու» առումով: Հետևաբար, Թուրքիան Հայաստանի Հանրապետության համար անվտանգության հստակ, հարաճուն, սպառնալիք է:

Հայաստանի համար անվտանգության մյուս սպառնալիքը միանշանակ Ադրբեջանն է: Իհարկե Ադրբեջանը Թուրքիայի նման ռազմական կամ տնտեսական կարողություն չունի, այսուհանդերձ, ունեցածն էլ բավական է Հայաստանին այնպիսի մարդկային և տնտեսական վնաս հասցնելու համար, որն անհամատեղելի կլինի պետության հետագա գոյության հետ: Քաղաքական կամքի առումով, մինչև իսկ Թուրքիայի համեմատ, Ադրբեջանում հասարակության ու իշխանության մեջ շատ ավելի սուր են հակահայկական տրամադրությունները: Ադրբեջանի քաղաքական և ռազմական վերնախավը բազմիցս անթաքույց հանդես է եկել Հայաստանը կործանելու ու ոչնչացնելու հայտարարություններով: Անշուշտ, Հայաստանը ևս ի վիճակի է կործանելու Ադրբեջանի Հանրապետությունը, բայց դա այլ հարց է:

Ըստ այդմ, հաշվի առնելով Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի առկայությունը որպես անվտանգության սպառնալիքներ, Հայաստանը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է հնարավոր ամեն միջոց գործադրել՝ նախ կանխելու հնարավոր  մեծածավալ և այլ երկրներ ընդգրկելու հավանականություն ունեցող պատերազմի բռնկումը  Հարավային Կովկասում, ապա ընդլայնելու անվտանգության ապահովման իր միջոցների շարքը:

Հայաստանի անվտանգության զինանոցում, իրավամբ, առաջնային տեղերն զբաղեցնում են կոշտ անվտանգության (hard security) միջոցները՝ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը, ՀՀ այլ երկրների, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած ռազմա-քաղաքական հարաբերությունները, մի շարք ծրագրերի շրջանակում հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ և այլն:

Այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ միայն անվտանգության կոշտ միջոցները բավարար չեն տարածաշրջանում խաղաղության պահպանման և Հայաստանի անվտանգ ու բարգավաճ գոյության երաշխավորման համար: Անվիճելի է, որ որևէ պետության անվտանգությունը խարսխված է բազմաթիվ և բազմապիսի գործոնների վրա: Ցանկացած պետության անվտանգության միջավայրի ձևավորման վրա լրջագույն ազդեցություն ունի այլ պետություններում և հատկապես հարևան պետություններում կազմակերպված այնպիսի խմբերի առկայությունը, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են բարեկամական հարաբերությունների զարգացմանը կամ հասարակական կյանքին իրենց գործուն մասնակցությամբ առնվազն նվազեցնում են երկրների միջև առկա լարվածությունը:

Այս տեսանկյունից միանգամայն անուրանալի դերակատարություն ունեն Ադրբեջանում և Թուրքիայում ապրող էթնիկ և հարանվանական հանրույթները՝ քրդերը, ալևիները, թալիշները, թաթերը, լեզգիները, ավարները և այլք: Մենք այս խմբերին չենք կոչում ազգային կամ կրոնական փոքրամասնություններ, քանի որ հիշյալ բնութագիրն ավելի շատ վերաբերում է տեղաբնիկների մեջ ապրող գաղթական նորաբնակներին, օրինակ Ֆրանսիայում ապրող արաբներին կամ Գերմանիայում ապրող թուրքերին: Միջին Արևելքում ընդհանրապես հակառակն է՝ տեղաբնիկ շատ ժողովուրդներ ներկայումս թվով փոքրամասնություն են, օրինակ, թալիշները, թաթերն ու կովկասյան ժողովուրդները՝ Ադրբեջանում, կամ  քրդերը, հայերն ու հույները՝ Թուրքիայում:

Ժամանակակից քաղաքագիտությունը վերոհիշյալ կարգի ժողովուրդներին կոչում է պետականազուրկ ժողովուրդներ (stateless people): Սակայն հաշվի առնելով, որ արդի հայերենում ժողովուրդ եզրույթն ավելի շատ վերաբերում է էթնիկ նույնականություն ունեցող մարդկային խմբին, մենք նախընտրում ենք գործածել պետականազուրկ հանրույթ ձևակերպումը, քանի որ այն ընդգրկում է ոչ միայն ժողովուրդներին, այլև կրոնական հարանվանություններին:

Ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքում ապրող պետականազուրկ հանրույթներն ունեն մի քանի բնորոշիչ.

 

–         Նրանք բոլորը տեղաբնիկներ են, այսինքն այս տարածքում ապրել են թյուրքական ցեղերի Հարավային Կովկաս ներխուժելուց շատ առաջ: Նրանցից շատերը հազարամյակների խորքը գնացող մշակույթի կրողներ են:

–         Լեզվաբանական առումով նրանք չեն պատկանում իրենց վրա վերահսկողություն հաստատած ժողովրդի՝ ադրբեջանական թուրքերի կամ կովկասյան թաթարների լեզվաընտանիքին: Նրանց մի մասը իրանախոս է՝ թաթեր, թալիշներ, մյուս մասը պատկանում է Կովկասյան լեզվաընտանիքին՝ լեզգիներ, ավարներ, ռուտուլներ  և այլն:

–         Պետականազուրկ հանրույթների զգալի մասը (բացառությամբ թաթերի) պատկանում է երկատված ժողովուրդների թվին, այսինքն բացի Ադրբեջանի Հանրապետությունից հոծ զանգվածներով ապրում է նաև հարևան երկրների հարակից տարածքում:

–         Բոլոր տեղաբնիկ ժողովուրդներն ունեն ուծացման բարձր աստիճան:

 

Ադրբեջանի ներկա Հանրապետության տարածքը Ռուսական կայսրությանն է անցել 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով: Գյուլիստանի պայմանագրով (12 հոկտեմբերի, 1813թ.) Ռուսաստանի կայսրության տիրապետության տակ են անցել Ղարաբաղի, Գյանջայի, Շեքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի խանությունները, ինչպես նաև Թալիշի խանության մի մասը[2]: Հենց այս՝ այսինքն Պարսկաստանից Ռուսաստանին անցած լինելու, հետևաբար մեծաքանակ պարսկալեզու բնակչության և իրանական ուժեղ մշակութային ազդեցության առկայությունն էլ դարձավ այն հանգամանքը, որի դեմ էլ Ռուսական կայսրությունն սկսեց իրականացնել իր քաղաքականությունը: Վերջինիս շահերից էր բխում տեղաբնիկ ժողովուրդների հնարավորինս մեկուսացումն իրանական ազդեցությունից:

Միևնույն ժամանակ պարզ էր, որ Ռուսաստանը հիմնականում կրոնական պատճառով չի կարող արագ իրականացնել տեղաբնիկների ռուսականացումը: Ուստի ընտրվեց ռուսական հայտնի՝ «սեպը սեպով են հանում» քաղաքականության իրականացումը: Ռուսների կողմից վերոհիշյալ տարածքներում սկսվեց տեղաբնիկ ժողովուրդների թրքացման քաղաքականությունը, քանի որ Օսմանյան կայսրության վտանգը համարվում էր շատ ավելի թույլ՝ նշյալ կայսրության և գրավյալ տարածքների ընդհանուր սահմանի բացակայության պատճառով:

Թաթեր (ինքնանվանումը թաթ[3]), փարս, դաղլի, լոհիջի

Թաթերը դարեր շարունակ եղել են ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կենտրոնական հատվածի՝ Ապշերոնի թերակղզու հիմնական բնակչությունը: Օրինակ, երբ 1813թ. Ռուսաստանի կայսրության տիրապետությանն անցավ Արևելյան Այսրկովկասը, Բաքվի ողջ բնակչությունը՝ 8000 հոգի, թաթ էր:

Ցարական Ռուսաստանի 1886թ. մարդահամարով Այսրկովկասում ապրում էր 120.000 թաթ: Սակայն արդեն սովետական  շրջանի առաջին մարդահամարի ժամանակ՝ 1921թ., նրանց թիվը կտրուկ կրճատվեց: Օրինակ, երբ 1921թ. մարդահամարով Ադրբեջանում ապրում էր 1.850.000 մարդ, երկրում հաշվվում էր 91.000 թաթ-մահմեդական[4]: Սովետական վերջին մարդահամարով՝ 1989թ., թաթերն ընդամենը 10.000 էին, թեև, ըստ որոշ ուսումնասիրողների, Ապշերոնի թերակղզու, Ղուբայի և Շամախիի բնակչությունը գրեթե ամբողջովին թյուրքացած թաթեր են: Ներկայումս, թեև պաշտոնապես Ադրբեջանում  հաշվառված է 25-26 հազար թաթ, այսուհանդերձ ոմանք այդ թիվը հասցնում են 1-1.5 միլիոնի[5]:

Ներկա փուլում թաթերի ինքնությունն առավելապես արտահայտվում է կրոնական երանգավորմամբ: Ծագումով և լեզվով լինելով իրանցիներ՝ թաթերն ավելի շատ են ենթակա Իրանի կողմից իրականացվող կրոնական քարոզչությանը: Դրա ամենաակնառու դրսևորումներից էր 2015թ. նոյեմբերի վերջին և դեկտեմբերին Բաքվից 25կմ հյուսիս-արևելքում գտնվող՝ հիմնականում թաթաբնակ Նարդարան[6] բնակավայրում (բնակչությունը 8300 հոգի) տեղի ունեցած բախումները, երբ իշխանության կողմից ձերբակալվեցին ավելի քան երկու տասնյակ անձինք, երկուստեք եղան զոհեր[7]: 2015թ. դեկտեմբերի կեսերին Նարդարանի թաթերի՝ որպես շիա համայնքի պաշտպանությամբ  հանդես եկավ Իրանը՝ ռահբար Խամենեի խոսնակ Այաթոլլա Շաբեստանին մեղադրեց Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին բռնությունների մեջ և սպառնաց ծանր հետևանքներով[8]:

Ադրբեջանաբնակ պետականազուրկ հանրույթներից թաթերն ամենաբարձր ուծացման աստիճան ունեցող ժողովուրդներից են: Թվում էր, որ նրանց թյուրքացումն անշրջելի է: Այսուհանդերձ, ազգային ինքնության զարթոնքի որոշ նշույլներ արդեն նկատելի են: Օրինակ, «Շիրվանի ազատագրման ճակատ» կազմակերպությունը 2014թ. մայիսի 17-ին ուղերձով դիմեց մայիսի 14-17-ին Երևանում կայացած թաթագիտական միջազգային գիտաժողովին[9] և իր համերաշխությունը հայտնեց Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին: Ներկայումս Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ գրեթե ամեն օր թաթերի լեզվով հեռարձակվում են 15 րոպեանոց հաղորդումներ:

Թալիշներ

Թալիշները ևս իրանական և իրանախոս ժողովուրդ են: Ներկայումս նրանց պաշտոնական թիվն Ադրբեջանում 120 հազարի շրջակայքում է: Ակնհայտ է, որ այս թիվը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեռևս 1921թ. մարդահամարով նրանց թիվն արդեն  76 հազար էր: Հետաքրքրական է, որ 1970թ. և 1979թ. մարդահամարների ցանկից հանված էր թալիշ ազգության անունը: Ըստ որոշ աղբյուրների՝ ներկայումս Ադրբեջանում ապրում է մինչև  1.5 մլն թալիշ: Գրեթե նույնքան էլ Իրանի թալիշների թիվն է: Իրանի սահմանամերձ տարածքում թալիշների առկայությունն էլ եղել է հենց այն հանգամանքը, որը  նպաստել է թաշիլների, թաթերի համեմատ պակաս  ուծացմանը:

Թալիշները 20-րդ դարում երկու չհաջողված փորձ են կատարել՝ վերահաստատելու իրենց ազգային-պետական գոյությունը՝ առաջին անգամ 1919թ. Մուղանի Սովետական Հանրապետության, երկրորդ անգամ 1993թ. Թալիշ-մուղանական Հանրապետության ստեղծումով:

Ներկայումս ահագնանում է ճնշումն ադրբեջանաբնակ թալիշների վրա: Նրանց զրկել են ինքնության մինչև իսկ ամենապարզ դրսևորումներից, օրինակ, պատմության դասագրքերում Թալիշական խանությունը վերանվանել են Լենքորանի խանություն,  Թալիշստանը՝  Հարավային շրջան և այլն: Նույնիսկ պետական որոշումով արգելել են թալիշներին իրենց զավակներին կոչել թալիշ անունով[10]: Սակայն այդ ճնշումները հակառակ արդյունքն են տալիս: Թալիշների հանդեպ բռնաճնշումները հանգեցրել են նրանց ազգային շարժման ռադիկալացմանը, և ներկայումս նրանցից ոմանք սկսել են հանդես գալ Թալիշստանի` Ադրբեջանից անկախանալու օգտին[11]:

Ադրբեջանում չի գործում թալիշական ռադիո կամ հեռուստատեսություն: Թալիշական ռադիո կա Իրանում, իսկ 2013թ. մարտի 20-ին Թալիշստանի ձայն (Սադոյե Թոլիշեստան) ռադիոկայանն իր հեռարձակումներն է սկսել Շուշիից, իսկ Թալիշստանի ազգային հեռուստատեսությունն (Վինդոսադոյե միլիյե Թոլիշեստան) իր առցանց հեռարձակումներն է սկսել 2014թ. նոյեմբերի 29-ից:

Ընդհանրապես, Ադրբեջանը մշտապես Հայաստանին մեղադրում է թալիշական ազգային շարժում հրահրելու մեջ, սակայն դա իրականության հետ շատ քիչ աղերս ունի:  Իրականությունն այն է, որ հայկական որոշ գիտական շրջանակներ և հասարակական կազմակերպություններ զուտ գիտական ու տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում թալիշներին:

Ադրբեջանաբնակ պետականազուրկ մյուս հանրույթները կովկասյան ժողովուրդներն են: Կովկասյան ժողովուրդներից շատերը բնակվում են Ադրբեջանի հյուսիսում, ավելի ճիշտ՝ իրենց հայրենի բնօրրանում, որը ներկայումս հայտնվել է Ադրբեջանի կազմում: Այդ ժողովուրդներից մեծաքանակը լեզգիներն են (պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 180.000) և ավարները (պաշտոնական տվյալներով` 60.000): Վստահաբար, այս թվերը խիստ նվազեցված են: Իրականությանն ավելի մոտ է լեզգիների 500 հազար և ավարների 200 հազար թիվը:

Ադրբեջանաբնակ լեզգիների և ավարների հետ հայերի շփումները խիստ սահմանափակ են: Դա ոչ միայն պայմանավորված է գիտական համապատասխան բարձրորակ կադրերի բացակայությամբ, ի տարբերություն իրանագիտության, այլև քաղաքական որոշ հանգամանքներով, մասնավորապես Ռուսաստանի այն մտավախությամբ, որ Ադրբեջանում կովկասյան ժողովուրդների ազգային զարթոնքը կարող է փոխանցվել նրանց ռուսաստանաբնակ ազգակիցներին: Այսուհանդերձ, 2015թ. նոյեմբերից սկսած ռուս-թուրքական լարվածությունն իր անդրադարձն է ունենում նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, որն էլ իր հերթին կարող է էական ազդեցություն ունենալ հայ-լեզգիական և հայ-ավարական հարաբերությունների վրա:

Ամփոփ բնութագրելով ադրբեջանաբնակ պետականազուրկ հանրույթների և հայերի հարաբերությունների փոփոխման միտումը` կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում կայունության պահպանման և Հայաստանի անվտանգության համակարգում նրանք սկսել են որոշակի դերակատարություն ստանձնել: Մասնավորապես, Ադրբեջանի բնիկ ժողովուրդների մոտ ազգային ինքնության վերելքը հանգեցրել է նրան, որ նրանց մեջ էապես նվազել են ադրբեջանցիների հետ իսլամական համերաշխության վրա հիմնված հակահայկական տրամադրությունները: Կան բազմաթիվ վկայություններ, երբ որոշ կազմակերպություններ բազմիցս հանդես են եկել հայերի դեմ չկռվելու կոչերով[12]:

Պետականազուրկ ժողովուրդների առումով նույնքան, եթե ոչ ավելի բարդ է վիճակը Թուրքիայի Հանրապետությունում: Չնայած ազգային և հարանվանական բազմաթիվ խմբերի առկայությանը, հաշվի առնելով զուտ քանակական չափորոշիչը` մենք կանդրադառնանք դրանցից երկուսին՝ քրդերին և ալևիներին: Անհրաժեշտ է ընդգծել, որ այս երկու խմբերի միջև չկա հստակ տարանջատում: Ավելին, երբեմն էլ առկա են համընկնումներ՝ այսինքն կան բազմաթիվ քրդախոս ալևիներ:

Քրդեր

Այն, որ քրդերը Հայաստանի անվտանգության միջավայրի կարևորագույն բաղադրիչներից են, տարակույս չկա: Նրանք են զբաղեցնում Թուրքիայի հայաստանամերձ տարածքի մեծ մասը, և, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում Քրդստանը կդառնա մեր հարևան երկրներից մեկը: Անձամբ ինձ համար տարակույս չկա, որ առաջիկա 5-10 տարում քրդական պետությունը կդառնա իրականություն: Շատերը չեն կիսում իմ այս կարծիքը, թեև ընդունում են, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը մեծացնում է քրդական գործոնի կարևորությունը: Այս ամենով հանդերձ, ցավոք, հայ իրականության մեջ չկա բանավեճ վերոհիշյալ կարևորագույն հարցի շուրջ՝  Հայաստանի հարևանությամբ անկախ Քրդստանի ստեղծումը կնպաստի Հայաստանի անվտանգության միջավայրի կայունացմանը, թե ավելի կբարդացնի այն:

Ես հայ քաղաքագետների այն փոքրամասնությանն եմ պատկանում, ով դրական է վերաբերում քրդական պետության ստեղծմանը մինչև իսկ հայաստանապատկան, ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող և քրդաբնակ տարածքներում: Իմ վերաբերմունքի հիմքում մի քանի պարզ հիմնադրույթներ կան. նորաստեղծ քրդական պետությանն առնվազն մի քանի տասնյակ տարի անհրաժեշտ կլինի Թուրքիայի` ՆԱՏՕ-ի ստանդարտներով կառուցված բանակ ունենալու համար: Հետևաբար, անգամ հակահայաստանյան Քրդստանի դեպքում ռազմական վտանգն ավելի քիչ կլինի հայերի համար: Հավանականությունը, որ Քրդստանը պակաս հակահայկական կլինի, քան Թուրքիան է, շատ մեծ է: Ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է բարիդրացիական հարաբերությունների ձևավորում Հայաստանի և Քրդստանի միջև:

Հայաստանի համար Քրդստանը կարող է դառնալ հումքի աղբյուր և արտահանման շուկա: Քրդերը որակյալ մասնագետների շատ պետք պիտի ունենան: Հայերը կարող են իրենց բաժինն ունենալ աշխատանքի այդ բաժանման մեջ: Քրդերի, հատկապես ալևիների մեջ շատ են հայկական ծագում ունեցողները և վերջիններիս նկատմամբ բարեկամական տրամադրվածները: Քրդական պետությունը կկտրի Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապը, որը կնպաստի Ադրբեջանի ավելի զուսպ վարքին: Քրդստանը մասնակի կամ ամբողջական միջնորմի դեր կարող է ստանձել Հայաստանի և Թուրքիայի միջև:

Ալևիներ

Դասական արևելագիտությունն ալևիներին համարում է շիա իսլամի հարանվանություն: Սակայն իրականությունն այն է, որ ո՛չ ալևիներն իրենց և ո՛չ էլ սուննի մահմեդականներն ալևիներին մահմեդական չեն համարել ու չեն համարում: Այս իսկ պատճառով պատմության ընթացքում սուննիները ալևիներին որպես աղանդավորների մշտապես հալածանքի են ենթարկել:

Ալևիների նկատմամբ միշտ էլ եղել են հալածանքներ, սակայն դրանք մեծածավալ կոտորածների են վերածվել միայն այն բանից հետո, երբ 1501թ. շիիզմը որպես պետական կրոն հռչակվեց շահ Իսմայիլ 1-ի կողմից: Ալևիները սուննիների կողմից սկսեցին դիտարկվել որպես Սեֆյան Իրանի հինգերորդ շարասյուն: Ալևիների սպանություններն ու ջարդերը հատկապես սաստկացան հանրապետական Թուրքիայի օրոք, երբ քրիստոնյաներն արդեն վերացված էին Թուրքիայում: Ալևիների 1938թ. մեծագույն ջարդերն անգամ Էրդողանի կողմից որակվել են որպես ցեղասպանություն: Հետագայում ևս տեղի են ունեցել ալևիների ջարդեր՝ Մալաթիայում 1977թ., Ղահրամանմարաշում 1978թ., Կորումում 1980թ., Սվազում 1993թ. և Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղում 1995թ.:

Ճիշտ է` վերջին երկու տասնամյակում Թուրքիայում չեն եղել ալևիների կոտորածներ, այսուհանդերձ, ալևիները շատ զգայուն են նման հարցերի՝ մինչև իսկ հասարակական ընկալումների վերաբերյալ: Օրինակ, երբ 2013թ. մայիսի 29-ին՝ Կ.Պոլսի գրավման օրը, Էրդողանը Բոսֆորի նեղուցի վրայի նոր կամրջի հիմնարկեքին հայտարարեց ապագա կամրջի անունը՝ Սելիմ Յավուզ (1512-1520թթ.), սա մեծ անհանգստություն առաջ բերեց ալևիների շրջանում  և մինչև իսկ առաջացրեց  որոշակի խժդժություններ, քանի որ Սելիմ Ահեղը պատմության մեջ է մտել ոչ միայն որպես առաջին սուլթան-խալիֆ (1517թ.-ից), այլև ալևիների ջարդերի կազմակերպիչ, ով  մոտավորապես 70 ալևի է կոտորել:

Ալևիները խոսում են կուրմանջի (քրդերեն) և զազակի (մինչև վերջերս համարվում էր քրդերենի բարբառ, սակայն այժմ գիտնականները հակված են այն առանձին լեզու համարելու) լեզուներով: Ալևիների թվաքանակի մասին չկան պաշտոնական տվյալներ, քանի որ 1826թ. այն օրենքից դուրս է համարվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ նրանց թիվը միայն Թուրքիայում 15-20 մլն է: Նրանք ճնշող մեծամասնություն (70%-80%) են կազմում Թունջելի նահանգում (նախկին Դերսիմ) և մեծաթիվ են շրջակա Բինգյոլ, Երզնկա, Սվազ, Մալաթիա, Ադիաման և այլ նահանգներում:

Ալևի անվանումն ունի մի շարք բացատրություններ: Մի բացատրությամբ այն ծագել է Մուհամմեդի զարմիկ և փեսա Ալիի անունից: Քանի որ ալևիզմի մեջ շատ կան հեթանոսական-կրակապաշտական տարրեր, ապա ըստ մեկ այլ վարկածի`անվանումը ծագել է թուքերեն alev (խարույկ) բառից: Հայկական վարկածներից մեկն էլ ալևի բառը կապում է արև(ի) բառի հետ և նրանց համարում մեր պատմության մեջ հայտնի «արևորդիների հետնորդներ»:

Ալևիների հետ իմ անձնական շփումներն այն համոզման են հանգեցրել, որ նրանք իսկապես մահմեդականներ չեն: Իդեպ, մինչև 20-րդ դարի կեսերը` գիտական գրականության ի հայտ գալը, նրանք Օսմանյան կայսրության բնակչության մեջ առանձին տողով էին գնում: Ալևիները չեն կառուցում և չեն գնում մզկիթ, փոխարենն այցելում են քրիստոնեական եկեղեցիներ և հավատավայրեր, մոմ են վառում: Ալևիներն իրենց սրբավայրը կոչում են ջեմեվի՝ հավաքատեղի, որտեղ կանայք և տղամարդիկ միասին են աղոթում: Վերջիններս չունեն կրոնավորների դաս:  Նրանք նամազ չեն անում, չեն գնում հաջ, ռամադանի ժամանակ չեն պահում պահք: Նրանց մեջ շատ ուժեղ են բնապաշտական հավատալիքները, ունեն  ծառի, ջրի, սարի, քարի պաշտամունք: Մահմեդականներին աղջիկ չեն տալիս և չեն առնում, փոխարենը դա անում են քրիստոնյաների հետ:

Ակնհայտ է, որ հայերի` ալևիների, հատկապես զազա-ալևիների հետ խորը և բազմակողմ հարաբերություններ զարգացնելու բազմաթիվ հիմքեր կան: Հաշվի առնելով նրանց բազմաքանակությունը, տեղաբաշխումը, ինչպես նաև թուրքերի հետ ունեցած հարաբերությունները, իմ համոզմամբ, զազա-ալևիները Հայաստանի անվտանգության միջավայրի կարևորագույն բաղադրիչն են: Նրանք հայերին իսկապես նայում են որպես եղբայր-ժողովրդի և մեծ ակնկալիքներ ունեն համագործակցության զարգացման ուղղությամբ: Ըստ այդմ, խիստ կարևոր էին 2011թ. հոկտեմբերի 28-31-ին և 2014թ. հոկտեմբերի 27-30-ին Երևանում անցկացված առաջին և երկրորդ զազայագիտական միջազգային գիտաժողովները: 2016թ. մայիսին Երևանում նախատեսվում է անցկացնել ալևիագիտական միջազգային մեծ գիտաժողով:

Ամփոփում

Ակնհայտ է, որ, թեև Հայաստանը սահմանակից է չորս պետության, այնուամենայնիվ, նրա հարևանությամբ ապրում են ավելի քան մեկ տասնյակ էթնիկ խմբեր և կրոնական հարանվանություններ: Նրանցից շատերի հետ Հայաստանի և հայ ժողովրդի շահերը համընկնում են կամ գոնե հակոտնյա չեն: Միևնույն ժամանակ անվիճելի իրողություն է, որ Հայաստանը սիմետրիկ արձագանքի դեպքում և զուտ ռազմա-քաղաքական միջոցներով չի կարող հակակշռել Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստանին սպառանցող վտանգը:

Այսու, Հայաստանի անվտանգության միջավայրի ձևավորման մեջ անուրանալիորեն կարևոր ու էական է պետականազուրկ հանրույթների դերը: Վստահաբար կարելի է պնդել, որ այդ հանրույթների հետ խոհեմ, հետևողական ու նպատակասլաց աշխատանքի դեպքում հնարավոր կլինի զգալիորեն բարձրացնել Հայաստանի անվտանգության շեմը և նպաստել տարածաշրջանի կայունությանն ու տևական խաղաղության հաստատմանը:

14 դեկտեմբերի, 2015թ., ք. Օտտավա

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1] Այս բանաձևի մեջ Pp (Perceived power) հաշվարկվող հզորությունն է, C (Critical mass: population + territory)՝ որոշիչ զանգվածը. բնակչությունը + տարածքը, E (Economic capability)՝ տնտեսական կարողությունը, M (Military capability)՝ ռազմական կարողությունը, S (Strategic purpose)՝ հեռագնա (ստրատեգիական) նպատակը, W (Will to pursue national strategy)՝ ազգային հեռագնա (ստրատեգիական) նպատակը հետապնդելու կամքը:
[2] Այդ պայմանագրով Ռուսաստանին են անցել նաև Դաղստանը, Վրաստանը, Իմերեթիան, Գուրիան, Մինգրելիան և Աբխազիան:
[3] Թյուրքերը թաթ էին կոչում ընդհանրապես իրենց ենթակա նստակյաց ժողովուրդներին:
[4] Նաև առանձին հաշվառված էին 41 հազար թաթ-հուդայադավան: Սակայն ճշմարտությունն այն է, որ  սրանք լեռնային հրեաներ են և կապ չունեն թաթերի հետ: Այստեղ անհարժեշտ է նշել, որ, այսպես կոչված, հայ-թաթերը կամ քրիստոնյա–թաթերը ծագումնաբանական առումով ևս կապ չունեն թաթերի հետ, դրանք պարզապես թաթախոս հայեր են:
[5] Анвер Агаев, Кто правит бал в Азербайджане?, ТалышИнфо, 24.09.2009,

https://www.talish.info/news/kto_pravit_bal_v_azerbajdzhane/2009-09-24-601
[6] Բնակավայրը պահպանել է իր պարսկական անվանումը, որը նշանակում է ռաստան.  նար-նուռ, դար/ան- ծառեր:
[7] Ադրբեջանի Նարդարան գյուղում շարունակվում են ձերբակալությունները, https://www.yerkir.am/news/view/97799.html
[8] Тегеран жестко предупредил Баку, https://www.oximity.com/article/%D0%A2%D0%B5%D0%B3%D0%B5%D1%80%D0%B0-4
[9] The 1st International Conference on Tati Studies, https://armacad.blogspot.ca/2014/05/conference-programme-1st-international.html
[10] К. Мирзализаде, Запрещенный “Талыш”, Tolishpress,  30.11.2015, https://tolishpress.org/print/3345.html
[11] Талышский народ требуют отделения от Азербайджана 2011,    https://www.youtube.com/watch?v=VRDubx6zAhQ
[12] Война с армянами в Карабахе — «не наша война»: обращение общественных организаций Азербайджана

https://dezaz.info/vaina-s-armyanami-ne-nasha-vayna/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031