Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվեց՝ մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ համարվեց ու նրան կալանավորեցին և ոստիկանների ուղեկցությամբ տարան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Նշենք, որ մինչ կալանավորումը այսօրվա դատական նիստին Սուրեն Սուրենյանցը հանդես եկավ պաշտպանական ճառով ու հայտարարեց, որ դա կատարում է հանպատրաստից, քանի որ նախագահող դատավորը միայն այսօրվա նիստին է զգուշացրել իրեն, որ ինքը պետք է հանդես գա պաշտպանական ճառով, և ինքը ժամանակ չի ունեցել պատրաստվելու:
Դատավորը պնդեց, որ դեկտեմբերի 10-ի նիստին ինքն այդ մասին հայտարարել է, մինչդեռ Սուրենյանցը պնդում է, որ դա վերաբերում էր իր պաշտպանին:
Սուրեն Սուրենյանցը դատական նիստերի դահլիճում հայտարարեց. «Նարեկ Մանուկյանին՝ որպես տուժող չեմ ճանաչում: Նա անգամ գրասենյակ չի եկել: Ավելին, եթե նա գործից տեղյակ լիներ, ապա կիմանար, որ խոսքը ոչ թե Մեծ Բրիտանիայի մասին է, այլ ԱՄՆ-ի: Հետամուտ եմ լինելու, որ կեղծ մատնության համար մարդիկ պատասխանատվություն կրեն»:
Կարդացեք նաև
Այնուհետև հայտարարեց. «Ես երբեք չեմ ասել, որ մեղքի բաժին չունեմ ու մեղավոր չեմ: Բայց յուրաքանչյուր մարդ դատվում է իր կատարած արարքին համապատասխան: Գործի բացահայտումը ենթադրում է, որ եթե գործում կան մարդիկ, որոնք տուժող չեն, ապա նրանք ևս պատասխանատվություն պետք է կրեն»:
Նա նաև վստահեցրեց, որ վկաների ցանկը թերի է:
Դառնալով տուժողներին՝ պարոն Սուրենյանցը հայտարարեց. «Անուշի և Հայկազի մասով ինձ մեղավոր եմ ճանաչում և մեղքս ընդունում եմ: Ազգանուշի մասով դարձյալ չեմ ասում, որ մեղավոր չեմ: Բայց Անուշի գումարների իննսուն տոկոսը տնօրինվել են այլ մարդկանց կողմից: Թե ձայնագրությամբ, թե բջջային օպերատորների արված ձայնագրությունների միջոցով կապացուցեմ դա»:
Մեղադրող դատախազը հայտարարեց, թե ամբաստանյալ Սուրենյանցը նախորդ դատական նիստին հայտարարել է, որ հաջորդին վնասը պետք է վերականգնի, բայց դեռ ոչ մի նորություն:
Ի պատասխան Սուրեն Սուրենյանցը հայտարարեց. «Նոր տարին տուժողները հաստատ կդիմավորեն վնասը փոխհատուցված»:
Մինչդեռ դատական նիստի ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում տուժողներ Անուշ Աղաջանյանն ու Ազգանուշ Մուշեղյանը հայտարարեցին, թե չեն հավատում Սուրենյանցի խոսքերին, քանի որ նա երկուսուկես տարի շարունակ ստում է: Ավելին, իրենց խոստացել էր, որ այսօր վնասը կվերականգնի, բայց, այդպես էլ չվերականգնեց:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարման առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահություն չարաշահելու եղանակով վերջինից վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Սուրենյանցը խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Սուրեն Սուրենյանցը զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով, պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ