«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունելով՝ Ազգային ժողովը, ինչպես նաև կառավարությունը, կարելի է ասել, «մեյք ափ» են արել թվային հեռարձակման ներկա իրավիճակը այդ շպարի տակ լիքը թերություններ թաքցնելով:
Գործադիրից հնչող պնդումները, թե լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները մարզերում մասնավոր մուլտիպլեքսի հեռանկարում մենաշնորհացման վտանգներ տեսնելու առումով, արդարացված չեն, ըստ էության չեն պատասխանում այդ նույն լրագրողական կազմակերպությունների շատ այլ մտահոգությունների:
Անտեսելով տարիներով լրագրողական կազմակերպությունների ահազանգերը, առաջարկությունները, մասնագիտական խորհրդատվությունը, օրենսդրական նախաձեռնությունները՝ վերը նշված օրինագծով ինչ-որ լուծում տրվում է ընդամենը երկու խնդրի՝ գործող օրենսդրությունում եղած բազմաթիվներից:
Մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման և շահագործման կարգ ու պայմաններ և 2010թ. թվային հեռարձակման լիցենզիա չստացած մարզային հեռուստաընկերությունների հետագա ճակատագիր՝ ահա այն երկու հարցերը, որոնք առանձնացրել են կառավարությունն ու ԱԺ-ն: Եվ մի օրենքով «լուծել»:
Կարդացեք նաև
Եվ երբ մասնագիտական միավորումները մատնացույց են անում այդ մնացած բազմաթիվները, հնչում է ի՞նչ, ճիշտ է ՝լռություն:
«Ընդունված օրենքը չի լուծում … Հայաստանի հեռարձակման ոլորտի մի շարք ավանդական խնդիրներ. կարգավորող մարմնի (Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի) անկախությունը, իր գոյությունը ապահովող հարկատուների առջև Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվողականություն, լիցենզավորման մրցույթների թափանցիկություն և անաչառություն», – արձանագրում են դեկտեմբերի 18-ի հայտարարության հեղինակները:
Թվում է, թե այս փոփոխությունների ընդունմամբ շեշտը դրված է սոցիալական բաղադրիչի վրա, ճիշտ է՝ ոչ այնքան համոզիչ կերպով. ամեն ինչ արեցինք, որ մարզայինները չփակվեն հանկարծ, այդքան մարդ գործազուրկ չդառնա: Սա էլ տարբերակ է, հնարավոր է, ընդամենը դժգոհության նոր պատուհան չբացելու նպատակով: Գոնե առայժմ:
Հոդվածն ամբողջությամբ՝ ԵՄԱ ամփոփագրում