Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալել, որ մեկը կկրակի օդ ու կսկսվի պատերազմ, մեր դեպքում անհնար է». քաղաքագետ

Դեկտեմբեր 22,2015 14:33

Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթից հետո ՀԱՊԿ-ի դիրքորոշման մեջ փոփոխություններ չի կանխատեսում: Նա այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց՝ քիչ հավանական է, որ ՀԱՊԿ անդամ պետություններն էլ քննադատական բնույթի հայտարարություններ անեն Ադրբեջանի հասցեին. «Պարզ է, որ կշտամբելով ՀԱՊԿ-ին՝ Սերժ Սարգսյանը կշտամբում է Ռուսաստանին, որովհետև ՀԱՊԿ-ը, հասկանալի է, որ Տաջիկստանը կամ Բելառուսը չեն, այլ՝ Ռուսաստանն է: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի կեցվածքը մնալու է անփոփոխ»:

Նրա խոսքով, Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում՝ հնարավորություն ունենալով հավասարակշռել իրավիճակը, բայց միաժամանակ Սերժ Սարգսյանը չէր կարող չարտահայտել իր դժգոհությունը ՀԱՊԿ-ից. « Կարծում եմ, որ սա ավելի ներքին լսարանին ուղղված ելույթ էր, ուստի ակնկալիք, որ ՀԱՊԿ-ում կփոխվի իրավիճակը՝ չեմ կարծում»:

Հարցին, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ «պետք չէ բացառել, որ Ադրբեջանը տարածաշրջանում լարված մթնոլորտ ստեղծելու քայլին գնաց դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ» հայտարարությամբ, Ալեքսանդր Իսկանդարյանը ճշգրտեց՝ խոսքը Թուրքիայի մասին էր:

«Ռացիոնալ պատերազմի հավանականություն չկա: Իհարկե «երբեք մի ասա երբեք», կարող են լինել կտրուկ փոփոխություններ, ֆորսմաժորային իրավիճակներ, բայց այս պահին նման նախադրյալներ չկան: Իսկ պատահական պատերազմ կարող է լինել Սոմալիում, Աֆղանստանում, որտեղ որոշումները կայացվում են ցածր մակարդակում, ու ինչ-որ խումբ կամ հրամանատարական կազմ կարող է դրան դրդող գործողություններ իրականացնել: Մեզ մոտ բավական լավ վերահսկվում է վիճակը, կարգավորվում են ղեկավարների կողմից, դրանք որոշումներ են, որոնք կայացվում են Բաքվում, Երևանում: Սահմանային միջադեպերը Ահմեդովը կամ Պետրոսյանը չեն որոշում: Ուստի ակնկալել, որ մեկը կկրակի օդ ու կսկսվի պատերազմ, հնարավոր չէ, մեր դեպքում անհնար է»,- ասաց քաղաքագետը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին ու հնարավոր լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմանը:

Ալեքսանդր Իսկանդարյանը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների երկկողմ հանդիպման մասին էլ ասաց, որ այդ հանդիպումը մեծ բաներ չէր էլ կարող տալ ու չտվեց, որովհետեւ ադրբեջանական կողմն ունի կարիք շարունակելու սահմանային կրակոցները ու ցանկություն ունի փոխել բանակցությունների օրակարգը. «Այսինքն, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվի ոչ թե հակամարտության խաղաղ կարգավորման, այլ՝ լարվածությունը նվազեցնելու հարցը, ինչը եւ եղավ: Հանդիպման գլխավոր արդյունքը հենց հանդիպելու փաստն էր ու պատրաստակամությունը՝ շարունակել գործընթացը նաև հաջորդ տարի: Այլ ակնկալիքներ, քան գործընթացի շարունակականությունը, լինել չի կարող»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031