Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Հեր, չորս տղա ունես, ինչի՞ էիր ուզում տղա ունենալ, որ քեզ պահեի՞ն, թե՞ որ հպարտանայիր»

Դեկտեմբեր 22,2015 14:25

Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով են կերտել անկախությունը, և այդ անկախության գինը բոլորից լավ գիտեն: Այդ նվիրյալներից մեկն էլ Իգոր Սարգսյանն է:

Հարազատ Սևան քաղաքից վաղ է հեռացել ու սկսել ուսումնասիրել աշխարհագրություն՝ Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: Սակայն, արյան կանչով 80-ականներին եկել է հայրենիք ու շարունակել ուսումը ԵՊՀ-ի երկրաբանության ֆակուլտետում:

Մեզ հետ զրույցում ազատամարտիկն ասաց, որ իր հուշերում են մնացել նաև պատմության ֆակուլտետում կայացող հավաքները, որտեղ հայրենասիրական կոչերով էին հանդես գալիս Թաթուլ Կրպեյանը, Վարդան Բախշյանը ու մի շարք այլ նվիրյալներ: Հենց այստեղ է, որ Իգորն սկսում է կարդալ չթույլատրված գրականություն, ծանոթանում հայոց պատմությանը ու խորապես համոզվում, որ միայն զենքով կարելի է ետ բերել հողը, արդարություն հաստատել:

Նա հուզվելով հիշեց մի դրվագ. «Պապիս ընտանիքը՝ որպես դաշնակցական, աքսորվել էր խորհրդային տարիներին: Հայրս այս ամենը հիշելով՝ չէր թողնում, որ ես գնայի, ուզում էր միայն ինքը գնալ, բայց մի օր սեղանի շուրջ էինք ու այդ թեմայով խոսելիս՝ ասացի. «Հեր, չորս տղա ունես, ինչի՞ էիր ուզում տղա ունենալ, որ քեզ պահեի՞ն, թե՞ որ հպարտանայիր: Հպարտությունն էլ գին ունի՝ արու զավակներիցդ մեկին պետք է զոհաբերես: Ու հայրս լռեց, արցունքոտվեցին աչքերը, ու էլ խոսակցություն չեղավ»:

1991-ի հոկտեմբերին Իգոր Սարգսյանը ստիպված է լինում թողնել կրթությունն ու մեկնել ռազմաճակատ: Նրա հուշերում վառ են մնացել ազատամարտիկ ընկերների կերպարները՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս), Թաթուլ Կրպեյանի, որը ոգևորված գոչում էր, որ եթե ոչ իրենք, ապա ո՞վ պետք է գնա, կռվի, Պետոյի (Պետրոս Ղևոնդյան), Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան), ում աչքերից կրակ էր թափվում, Ալեքսան Ասատրյանի, Ավագիմյան Վաչագանի (հոգին ավանդեց Իգորի ձեռքերին) և այլոց:

Ազատամարտը շատ լավ է հիշում, նաև մարտական գործողությունները Հասանաբադում, Կրկժանում, Լեսնոյում, Շուշիում, Լաչինում, Բերդագյորում: Նորաշենի, Գյուրափլիի, Ֆիզուլիի, Կարախանի, Սեյիդահմեդիի, Բեյլի և այլ տարածքների ինքնապաշտպանական կռիվները, սակայն այդ մասին խոսել չի սիրում, և կարծես վերհիշելով անցածը` մի պահ լռում է համեստաբար:

Ազատամարտիկն ապրում է այս համոզմամբ ու իր երկու որդիներին՝ Թադևոսին և Դավիթին էլ փորձում է դաստիարակել այդ ոգով. «Զոհվածներն արդեն սրբագրել են իրենց կյանքը, գործունեությունը ու արդեն իսկ հերոս են, սխալվել չեն կարող, դրա համար իրենց կյանքը, գաղափարները, իրենց գործը պետք է արժևորվի»:

Նա վստահ է, եթե Աստված չանի, կրկին պատերազմ լինի, ինքը, առանց վարանելու, կուղարկի իր տղաներին ռազմաճակատ:

Իգոր Սարգսյանն այսօր իր մասնագիտությանը մոտ աշխատանք է կատարում. բնապահպան է, և հատկապես մեծ ուշադրություն է դարձնում Սևանա լճի խնդիրներին: Իգորը մեծ իղձեր ունի՝ կապված իր հայրենիքի, ազգության, հասարակության հետ. «Կցանկանամ, որ մենք ազգովի ճիշտ գնահատենք իրավիճակները, պատմության ընթացքը, մեր ապրելակերպը, մեր նպատակները, մեր անձնական «ես»-ը, փառասիրությունը, հասկանանք, որ պահի գայթակղությամբ կարող ենք կորցնել հավերժականը: Անկախությունն ու ազատությունը բացարձակ արժեքներ են բոլորիս համար, բայց դրանք հեշտ չեն ձեռք բերվում: Ամեն գնով ձեռք բերված հարստությունը հարստություն չէ, դա այդ պահի հարստությունն է: Ավելի հեռուն պետք է նայել, որովհետև մեկի կյանքով չի սահմանափակվում պատմությունը…»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031