Այսօր ոչ բոլորը գիտեն՝ ի՞նչ է ռազմական հոգեբանությունը, ո՞րն է հայկական զինված ուժերում ռազմական հոգեբանի ունեցած դերը: Այս և նմանատիպ այլ հարցերին պատասխանում է ռազմական հոգեբան-մանկավարժ Գրիգոր Կորկոտյանը:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ռազմական հոգեբանությունը և ո՞րն է դրա առաքելությունը:
-Ռազմական հոգեբանությունը, ըստ էության, հոգեբանության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է զինծառայողների և զինվորական կոլեկտիվների հոգեկան ակտիվության խնդիրները: Այն ուսումնասիրում է զինծառայողների հոգեկանը, նրանց վարքը, զինվորական կոլեկտիվի գործունեության հոգեբանական օրինաչափությունները պատերազմական, խաղաղ, մարտականին մոտ և մարտական հերթապահության պայմաններում: Արդյունքում հնարավոր է դառնում զինվորական ծառայության հետ կապված բազմաբնույթ խնդիրներ վեր հանել և լուծումների, մոտեցումների համակարգեր մշակել։ Այսինքն՝ որպես առաքելություն՝ ռազմական հոգեբանությունն իր առջև ունի զինծառայողների և զինկոլեկտիվների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպման խնդիր։
-Հայկական զինված ուժերի կազմավորման մեջ որքանո՞վ է կարևոր ռազմական հոգեբանության դերը:
Կարդացեք նաև
-Զինված ուժերի զարգացման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կարևորագույն խնդիր է զինծառայողների և զինվորական կոլեկտիվների հոգեբանական պատրաստվածությունը, քանի որ զինվորական ծառայությունը կապված է հոգեբանական բարձր լարվածության իրավիճակների և ռազմական տեխնիկայի գործածման հետ։ Հայկական ԶՈւ-ը, հանդիսանալով համեմատաբար երիտասարդ կառույց, այնուամենայնիվ, բավականին արագորեն առաջ է գնում ներկայիս մարտահրավերներին ընդառաջ։
Հաշվի առնելով վերոնշյալը, մեր ռազմաքաղաքական և աշխարհագրական դիրքը, ինչպես նաև դրանից բխող զինծառայության հոգեբանական առանձնահատկությունները՝ խիստ կարևոր է հոգեբանների ներգրավումը զինծառայության կառուցվածքակազմակերպչական գործընթացներում։
-Ինչպիսի՞ն պետք է լինի հայ զինվորի հոգեկերտվածքը և ի՞նչ գործոններ են անհրաժեշտ նրա ճիշտ հոգեկերտվածքի ձևավորման համար:
-Պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով՝ Հայ զինվորը պետք է ունենա կայուն հոգեբանություն, ինտելեկտուալ բարձր մակարդակ, սառնասրտություն, բարձր դիմադրողականություն սթրեսների և մշտական գերլարված իրադրությունների հանդեպ, հստակ դիրքորոշումներ հայրենասիրության, ազգային անվտանգության, զինվորական ծառայության կազմակերպման, իրադրային լուծումների հետ կապված: Հետևապես՝ նման արդյունքների հասնելու համար կարևորագույն գործոն է հանդիսանում հրամանատարական կազմի` սերժանտից մինչև բարձր սպայական անձնակազմ, հոգեբանամանկավարժական գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների տիրապետումը և միանշանակ հոգեբանական աշխատանքների անընդհատությունը զինվորական կոլեկտիվերի հետ :
-Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ զինծառայության ընթացքում, և ի՞նչ միջոցներ են ձեռք առնվում տարաձայնություններից և բախումներից խուսափելու համար:
-Զինծառայության ընթացքում առաջանում են հարմարման, միջանձնային հարաբերությունների, մասնագիտական համապատասխանության` ընդ որում ոչ միայն սպայական անձնակազմի, այլև ժամկետային զինծառայողների մոտ, տեղեկույթահոգեբանական ներգործության, հոգեբանական խնդիրների առաջացմանը նպաստող գործոնների ի հայտ գալու խնդիրներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար իրականացվում էն պրոֆիլակտիկ, ընթացիկ խորհրդատվական և շտկողական աշխատանքներ:
-Որպես հոգեբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր զինվորներին:
-Վերջում մեր ներկա և ապագա զինվորներին խորհուրդ կտամ՝ զինվորական ծառայության անցնելիս ազատվել ավելորդ դիրքորոշումներից, բանակի և զինվորական ծառայության վերաբերյալ նախնական պատկերացումներից և համապատասխան վարքային մոդելներից, քանի որ յուրաքանչյուր իրավիճակում արդյունավետ զինվորական ծառայություն իրականացնելու գրավականը գիտակցված և արժևորված մոտեցումն է. երբ հստակ հասկանում ես, թե որտեղ ես և ինչի համար: Բարի ծառայություն:
Նունե ՂԱԶԱՐՅԱՆ