Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաթուլ Կրպեյանի քույր. «Երբ որոշեց, որ պետք է Արցախ գնա, ժամերով վիճում էին հորս հետ»

Դեկտեմբեր 22,2015 13:36

«Համ առանց իրար չէինք կարողանում, համ` իրար հետ»,- չթաքցնելով ժպիտը՝ հիշեց եղբորը Թաթուլ Կրպեյանի միակ ու մեծ քույրը: «Մի անգամ բակում կռվել էր ու լացելով եկավ տուն: Հորաքույրս բարկացավ, թե` դու տղա ես, ծեծիր էլ, ծեծվիր էլ, բայց լացելով տուն չգաս: Ու դրանից հետո Թաթուլն էլ լաց չէր լինում»:

Շատ պատմություններ կան, որ Ռուզան Կրպեյանը չի մոռացել, բայց հատկապես հիշում է այս դեպքը, և արդեն ծիծաղը չթաքցնելով պատմում. «Երբ փոքր էինք, վախենում էինք գիշերները քնել, մեծ եղբայրներիցս մեկին`Մանվելին խնդրում էինք, որ մեզ համար հեքիաթ պատմի: Եղբայրս սկսում էր պատմությունը, թե երբ պատերազմ էր, գնացել էինք նեմեցի դեմ կռվի, ու Թաթուլն անհամբեր ընդհատում էր. «Մանվե′լ, Մանվե′լ, քանի՞ թուրք սպանեցիք»:

Տիկին Ռուզանը լավ է հիշում նաև իրենց պատանեկությունը, երբ հավաքվում էին, մութ գիշերին հոգի կանչում, ու ապագան գուշակում, հետո հաճախ նստում էին ու միասին երազում շինել հին տունը, վերագտնել այն. «Շատ ռոմանտիկ էր, շատ սիրում էր ասմունքել, կարդալ: Նաև շատ էր սիրում, երբ հայրիկս ու տատիկս պատմում էին Արևմտյան Հայաստանից, գաղթից, թե ինչպես եղավ, որ հատեցին սահմանը, ինչու եկան, ինչու հաստատվեցին հենց Արեգ գյուղում և այլն»:

Թաթուլը նաև շատ ամաչկոտ էր. «Մեծ եղբայրս, երբ ամուսնացավ, Թաթուլն ամաչում էր մեր հարսիկից, երբ հաց էինք դնում, որ ուտենք, փախչում էր տնից, երբ հարսիկը վերջացնում էր, նոր գալիս էր»:

Երբ արդեն ազատագրական շարժումն էր խմորվում, Թաթուլը քրոջից միշտ գաղտնի էր պահում իրենց հավաքները, որ քույրը չմիանա. «Ես այն ժամանակ ամուսնացած էի: Սումգայիթի տարելիցին գնացել էի Ծիծեռնակաբերդ ու ուշ եկա տուն: Թաթուլը մեզ հետ էր ապրում: Ես նրանից ուշ եկա, ասացի` կոնսուլտացիայի էի գնացել: Երբ գնացինք սենյակ, ասաց` լավ խաբեցիր, ու՞ր էիր: Ասացի՝ Ծիծեռնակաբերդում էի, նոր հանգստացավ»:

Ի տարբերություն հավաքների` պատերազմ գաղտնի չգնաց: Տիկին Ռուզաննան պատմում է. «Տանը հայրիկիս ասում էր` դու հինգ տղա ունես, հաշվի մեկը չկա: Երբ որոշեց, որ պետք է Արցախ գնա, ժամերով վիճում էին: Ոչ մեկ չէր կարող ասել` մի՛ գնա, որովհետև նա արդեն որոշել էր: Նա գործի մարդ էր, մտածում էր, որ Երևանում մնալով ու ցույցի մասնակցելով՝ ոչ մի բան չի փոխվի ու գնաց: Թաթուլը գործուղվեց որպես մանկավարժ, Գետաշենում երկու դպրոցում ուսուցիչ էր, միևնույն ժամանակ հրամանատար»:

Թաթուլ Կրպեյանից շատ հուշեր կան քրոջ տանը` նամակներ, նկարներ, իրեր և նույնիսկ կարմիր նոթատետրը, որտեղ ազատամարտի ժամանակ գրառումներ էր անում: Քույրը հաճախ է թերթում նամակներն ու գրառումները, կարդում, վերհիշում, վերապրում անցյալը ու չի մոռանում նշել, որ Թաթուլը շատ էր սիրում դիմացինին, եթե մարդու մեջ դրականն էր տեսնում նվիրվում էր ամբողջ սրտով:

Թաթուլին բոլորը երգով-պարով են հիշում, կենսուրախ կենսախինդ, կյանքով լի, հավատով հույսով լի, որ ամեն ինչ լավ է լինելու:

Տիկին Ռուզանը մինչ այսօր էլ չի հասկանում, թե ինչպես կարող էր եղբայրը լինել այդքան երիտասարդ և միևնույն ժամանակ այդքան խորաթափանց` չնայած իր պարզությանն ու մաքրությանը:

 Անի ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031