2015թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավետիսյանի, հրապարակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների հիման վրա կայացված որոշումը, որով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունիսի 15-ի մեղադրական դատավճռի դեմ գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Տաթևիկ Սիրադեղյանի, ինչպես նաև ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանի ու Երեմ Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները՝ օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարքի կատարման մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ, ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ