«Եթե տնտեսությունը լավ վիճակում է, ճարտարապետությունը եւ շինարարությունը զարգանում են: Այս տարի այդ ոլորտներում անկում է գրանցվել, շատ շենքեր չեն նախագծվել»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ ամփոփելով կառույցի աշխատանքը:
Նա մասնավորապես նշեց, որ այդպես էլ չի սկսվել «Ֆիրդուսի» հատվածի համար արված նախագիծը. «Օդից կախված է մնում նաեւ Երիտասարդական պալատի հարցը, որը նույն վիճակում էլ մնացել է: Մրցույթը շահած ճապոնացին չկա: Իսկ Շահումյան հրապարակի վրա նախարարությունների շենքը կարճ ժամանակում հանձնվեց շահագործման, ինչը նկատելի արդյունք է: Այլ նախագծեր էլ կան, բայց դրանց իրականացումը կախված է նրանից, թե տնտեսությունը որքան աճ կգրանցի»:
Ճարտարապետների միությունում այս տարի եւս աշխատել են «Ճարտարապետության մասին» օրենքի վրա. «Կարծում եմ հաջորդ տարի օրենքը կընդունվի եւ կաշխատի, դաշտն ավելի մաքուր կլինի»,-ասաց Մինասյանը: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւս կարեւորեց օրենքի ընդունումը՝ ասելով, որ այն վաղուց պետք է ընդունված լիներ. «Ութ տարի զբաղվում ենք դրանով, դժվար ճանապարհ ենք անցնում, որովհետեւ բոլորին չէ, որ օրենքը ձեռնտու է: Բիզնեսով զբաղվողներին քաոսն է ձեռնտու, իսկ օրենքը զսպողական մեխանիզմներ է ստեղծում՝ մշակույթը պահպանելու համար: Այսօր ամեն ինչ այնքան սերտ է կապված փողի շրջանառության հետ, որ բարոյական հարցերը երկրորդ պլանում են մնում: Մենք շատ պատահական ենք իմանում, թե Երեւանում որտեղ ինչ է «ծլելու»: Այնքան անկառավարելի է այդ ամենը, որ կանխարգելելը ժամանակավրեպ է դառնում»:
Քալաշյանը հիշեցրեց, որ շարունակում է վտանգված լինել «Զվարթնոց» օդանավակայանը. «Ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Պատվիրատուն պահանջում է քանդել այն: Դե հիմա մտածեք՝ ոնց ենք պայքարելու: Նախկինում ասվում էր, որ պետք է հյուրանոցի կամ թանգարանի ձեւափոխել: Թանգարանի ձեւափոխելը չարիքներից փոքրագույնն է: Հավանաբար, արվեստի գործերի թանգարան են նախատեսում դարձնել»:
Կարդացեք նաև
Տերյան 22-ի բնակիչները շարունակում են ահազանգել, որ իրենց շենքը քանդելու են: Այս խնդրի շուրջ էլ Մկրտիչ Մինասյանն ասաց, Հյուսիսային պողոտան կառուցված է եւ ոչինչ հնարավոր չէ փոխել. «Այդ հասցեի շենքը պատմական արժեք ունի, այդտեղ հայտնիներ են բնակվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ