Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյանն առաջարկում է. «Կապկենք Իսրայելին» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2015 12:52

Շվեյցարիայում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, տեւական ընդմիջումից հետո տեղի ունեցած հանդիպումը որեւէ արդյունք չտվեց եւ որեւէ արժեք չի ներկայացնում: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում իր կարծիքը բարձրաձայնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: «Այդ էթնոսն (նկատի ունի ադրբեջանցիներին-Ն. Գ.) ունի գաղափարախոսություն, որից տարիներ շարունակ չի հրաժարվում: Բանակցություններ, սիրախաղեր, ինչ էլ որ լինեն, մենք պիտի իմանանք, որ Թուրքիային եւ Ադրբեջանին խանգարող հանգամանք ենք: Մեր գործողությունները պիտի դրանից ելնեն: Տարիներ շարունակ մենք խաբեությամբ ենք զբաղվել`բանակցություններ, բայց դա ձեւական բան է, չի կարող դիվանագիտական լուծման բերել»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին`ի՞նչ տեսլական ունի քաղաքագետը, իր նկարագրած իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է կատարի պաշտոնական Երեւանը, ի՞նչ քաղաքականություն պիտի վարի, բանախոսը պատասխանեց. «Կապկել Իսրայելին: Անտեղի ասպետական պահվածք ունի Հայաստան, որը տեղին չէ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Միաժամանակ, քաղաքագետը ՀԱՊԿ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բավական հստակ եւ հասցեական է համարում, ինչը առաջընթաց է որակում:

Հիշեցնենք, ՀԱՊԿ նստաշրջանում, նախագահ Սարգսյանը մասնավորաբար ասել էր. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»։

«Տեւական ժամանակ մեղմ քաղաքականություն է վարել Հայաստանն այս առումով, նման ելույթը, դիրքորոշման հստակեցումը բավական դրական է: Նախագահը փորձում է ցույց տալ, որ մենք էլ երկիր ենք ու չի կարելի մեր նկատմամբ ոտնձգությունները անտեսել, լռել դաշնակցային հարաբերություններում»,- ասաց քաղաքագետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031