Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իսկապե՛ս չես ուզում մուծվել

Դեկտեմբեր 22,2015 12:10

Արդեն մի քանի տարի, ինչ ներմուծվել են երթեւեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներն ու արագաչափերը, առավոտից իրիկուն լսում եմ, կարդում եմ, թե՝ ինչի՞ տեր ենք, որ տանենք Սաշիկին էսքան փող մուծվենք, ժողովրդի հաշվին հարստանում են, կերան մեզ, կերան եւ այլն….

Ինձ քիչ է հետաքրքրում, թե ո՞ւր են գնում տուգանքներից առաջացած փողերը, ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ երթեւեկությունը մեր երկրում կանոնավորվի, իսկ դրա համար, ուզենք թե չուզենք, պետք է լինեն տուգանքներ, ընդ որում՝ որքան խիստ, այնքան՝ խախտումները քիչ կլինեն:

Իհարկե, հիմա շատերը կասեն՝ կան արտոնյալներ, ոնց ուզում են՝ քշում են, կամ՝ շատ փող ունեն, ինչքան ուզում խախտում են, իսկ խեղճուկրակները փող չունեն, որ տանեն մուծեն եւ այլ լոլոներ… Ինձ համար այդ տեսակի խոսակցությունները պարզապես լոլոներ են: Խեղճուկրակները ուղղակի կարող են չխախտել: Իսկ այն, որ հնարավոր է մեքենան այնպես վարել, որ ուրիշի գրպանը քո ընտանիքի գրպանից փող չգնա, 100%-անոց ճշմարտություն է:

Մեկ տարվա ընթացքում ոչ մի խախտում չեմ արել: Ընդ որում, վարում եմ մեքենան ամեն օր՝ օրական ամենաքիչը 30 կմ, տարին մի քանի անգամ մեկնում եմ Երեւանից դուրս, այդ թվում՝ հեռավոր մարզեր: Վերջին անգամ տուգանվել եմ նախորդ տարվա նոյեմբերին: Ու քանի որ ինձ համար անձնական վիրավորանքի պես մի բան է ոչ միայն «խախտող» դառնալը, այլեւ՝ ընտանեկան բյուջեից թեկուզ մեկ դրամ անիմաստ վատնելը, ես վարում եմ՝ պահպանելով հնարավոր բոլոր կանոններն ու օրենքները, որոնք, ի դեպ, սովորել եմ ոչ թե «ախպերությունից», ինչպես մեր վարորդների գերակշիռ մասը, այլ՝ ավտոդպրոցում, ուշադիր նայում եմ ճանապարհին՝ երթեւեկության նորահայտ նշանները ինքս հայտնաբերելու, ոչ թե՝ տուգանքի արդյունքում իմանալու համար, սահմանված արագությունը չեմ գերազանցում երբեք՝ անկախ նրանից այդ տարածքում արագաչափ կա՞, թե՞ ոչ:

Նախորդ երեք տարիներին էլ վճարել եմ ընդհանուր հաշվով 32 հազար դրամ տուգանք՝ 10 հազար 2012-ին, 8 հազար (3000+5000) ՝ 2013-ին եւ 15 հազար (3 հատ 5000)՝ 2014-ին: Ու թեեւ այդ խախտումներից եւ ոչ մեկը չի եղել չարամտորեն, այլ պարզապես՝ անուշադրության արդյունք, խոստովանեմ՝ մինչեւ հիմա ինձ չեմ ներում դրանց համար: 2014-ի նոյեմբերի 1-ին եղել է այս պահի դրությամբ վերջին խախտումս:

Գիտեմ, որ հազարավոր վարորդներ կան, որ ինձնից շատ ավելի լավ արդյունքներ ունեն, եւ նույնպես քշում են հնարավորինս առանց որեւէ խախտումների: Ու բնականաբար, երբեք չեն բողոքում, որ «մուծվում են» սրան կամ նրան: Չէ՞ որ բողոքելուց ավելի լավ ճանապարհ կա չմուծվելու համար՝ պարզապես չխախտել:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Է հետո՞… ես էդ խախտումներն էլ չունեմ: Ոչ մի անգամ տուգանված չկամ: Բայց եղել է, որ որպես ուղեւոր երթեւեկել եմ այնպիսի մեքենայով, որի վարորդը «համեստորեն» փարատում էր տարակուսանքս իր խայտառակ խախտումներով լի վարելու հետ կապված, թե իր մեքենան ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ: Մեկ ուրիշը, իր կարգավիճակից ելնելով, չէր էլ տառապում այդ «համեստությամբ»: Ամենալկտի ձեւով խախտում էր կանոնները ու ոչ ոք ոչինչ չի ասում նման մարդկանց: Իսկ դու, Մելանյա ջան, ասում ես մի խախտի: Ես էլի չեմ խախտում, առաջ էլ չէի խախտում ու չեմ մուծվում, բայց դրանից հայաստանյան երթեւեկությունը անվտանգ չի դառնում: Վտանգ ստեղծողները, ցինիկաբար խախտում անողներն ու անպատիժ մնացողները ոնց կային այդպես էլ մնում են: Ավելին, ավելի վատն են դարձել: Թե կարող ես, այ սրանց դեմն առ, թե չէ իմ պես վարորդներին ոչ մի կոչ պետք չի անել:

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հպարտ եմ, որ ձեզ նման վարորդներ կան: «Մի խախտիր»-ս երեւի թե էդ լկտիներին չի վերաբերվում, խիստ կասկածում եմ, որ նրանք որեւէ բան կարդում են: Ավելի շատ ուղղված է նրանց, ովքեր կարո՛ղ են չխախտել, բայց նախընտրում են խախտել, հայհոյել խախտումն արձանագրողներին ու հուսով սպասել, թե երբ կլինի հերթական «ամնիստիան»:

  2. Zaven says:

    Եթե Ձեզ չի հետաքրքրում, ում, ինչքան եւ ինչի համար եք վճարում, այսինքն ինչ ա տեղի ունենում Ձեր մուծումների հետ, ապա ինչ՞ու եք վճարում: Օրինակ, ինչի՞ եք որոշել վճարել հենց սաշիկին,կամ ավեի վատ, ինչի՞ են Ձեր փոխարեն որոշել :Չե՞ ք կարծում,որ Ձե՛զ առաջին հերթին պետք է հետաքրքրեր թե ինչ նպատակի են ծառայում տուգանքից առաջացած գումարները:

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Դուք չնկատեցի՞ք, որ ես ամեն ինչ անում եմ, որ ՉՎՃԱՐԵՄ, եւ մեկ տարի է՝ ՉԵՄ ՎՃԱՐՈՒՄ: Ոչ թե խոսում եմ չվճարելու մասին, այլ անում եմ այնպես, որ ՉՎՃԱՐԵՄ: Այս հոդվածը դրա մասին էր, եթե կարդացել եք: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ուր են գնում իմ եւ մյուսների տուգանքների վճարները, նորից կրկնեմ՝ ինձ համար ավելի կարեւոր է բուն խախտումը պատժելու պահը: Այսինքն՝ եթե ես խախտում եմ արել, դրա համար տուգանվում եմ, տուգանք եմ վճարում ի՛մ խախտման համար: Եվ մինչեւ այս տարի կատարածս վճարումները ես չեմ համարել գումարներ, որոնց դիմաց ինչ-որ բան պիտի պահանջեմ. ես ապրանք չեմ գնել, ոչ էլ հարկ եմ վճարել, ես ՏՈՒԳԱՆՔ եմ վճարել ԻՄ կատարած խախտման համար: Այս պատկերացմամբ եմ առաջնորդվել, եւ միայն ինձ եմ մեղադրել այդ վճարումների համար եւ ոչ թե սաշիկին-վաչիկին-հրաչիկին-գագիկին-պողոսին-պետրոսին: Եվ այդ պատկերացմամբ առաջնորդվելով էլ ամեն ինչ արել եմ ՉԽԱԽՏԵԼՈՒ եվ դրա դիմաց ՉՎՃԱՐԵԼՈՒ համար: Դրա համար ես ոչ թե առաջին հերթին հետաքրքրվում եմ, թե ուր են գնում իմ խախտման համար վճարված գումարները, այլ ՉԵՄ ԽԱԽՏՈՒՄ:

  3. Zaven says:

    Ձեզ չի? մտահոգում,որ միլիարդների հասնող գումարներ,տուգանքների տեսքով, դուրս են գալիս մեր երկրի շրջանառությունից,և շանացնում են ԱՄՆը:Խախտումներ միշտ եղել են ու կլինեն, կարևորը այդ գումարը մնա Հայաստանում և մտնի շրջանառոըթյան մեջ, հնարավորություն ստեղծելով. հայաստանի քաղաքացու համար,նորից վաստակել այդ գումարները,բարձրացնել տնտեսությունը,ապա հարկեր վճարելով օգնել անապահով խավին և ուժեղացնել մեր բանակը:Խախտումներից, հարկերից առաջացած գումարները տակով անելը, համարում եմ մեծագույն ոճրագործություն հայ ժողովրդի հանդեպ:Իսկ պրոբլեմի լուծումը, ներեցեք, բայց այն չէ,որ պետք է խախտում չանել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031