Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «2017-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են անհամեմատ դաժան, քան եղած բոլոր ընտրությունները». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 22,2015 12:08

«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

– Դեկտեմբերի 6-ին կառավարման մոդել փոխեցինք, այլևս չեն լինելու համաժողովրդական նախագահական ընտրություններ, քաղաքական դաշտում դա ազդեցություն կունենա՞։

– Երբեմն դեղամիջոցն ավելի ռիսկային ու վտանգավոր է, քան հիվանդությունը։ Սահմանադրության փոփոխությունն այդ դեպքն է։ Համոզված եմ, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են անհամեմատ դաժան, քան եղած բոլոր ընտրությունները։ Իշխանությունները հասկանալու են, թե ողջ օրենսդրական դաշտն ու կառավարման համակարգը փոխելն ինչ հետևանքներ են ունենալու իրենց սեփական ամբիցիաների համար։

Աշխարհաքաղաքական այս իրավիճակում՝ հասարակության համաձայնություն ձևավորելու փոխարեն այսպիսի խրամատավորում առաջացնելը, հասարակության տեսակետը չհարգելը, հանրաքվեում խայտառակ ընտրախախտումների գնալը կոպտագույն սխալ է, բումերանգ, որ վերադառնում է ուղիղ նետողի ճակատին:

– Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ի համար ավելի շահեկան կլիներ, եթե ՀԱԿ-ը անհրաժեշտ ստորագրությունները հավաքեր և ՍԴ դիմեր՝ իմանալով հանդերձ, թե ինչ որոշում է կայացվելու։

– 2003-ին Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելուց հետո ՀՀԿ-ն դարձավ փակ բաժնետիրական ընկերություն՝ իր բաժնեմասից տոկոսներ ու շահույթ ստացող։ Բացի մի մարդուց ո՞վ կարող է այսօր ՀՀԿ-ում տեսակետ ունենալ կամ արտահայտել, կա՞ որևէ ՀՀԿ-ական, որ չփառաբանի իր նախագահի տեսակետը՝ անկախ այն բանից՝ կողմ է, թե դեմ, մասնավոր զրույցներում ինչ է ասում։ Գարեգին Նժդեհից Աշոտ Նավասարդյան ու Վազգեն Սարգսյան շարքը ակնհայտ է դարձնում, որ մի օր էլ հաճույքով Սերժ Սարգսյանին են մոռանալու ու համարելու են, որ բոլոր սխալների մեղավորն ու պատճառն էր, մինչդեռ պատասխանատուն իրենք են, իրենք են մշտապես «այո» ասողը, որ ունեցածը պահեն ու ավելացնեն։

Ափսոս է «Հանրապետական» հրաշալի անունը այդ կուսակցությանը, թող փոխեն, նոր անուններ դնելը մոդայիկ է՝ պատճառները բոլորը կհասկանան։

– «Հանրապետություն» կուսակցությունը ի՞նչ է անում հիմա։

– Իր անվանն արժանի կուսակցություն է ուզում լինել։

– Այսինքն, 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք։

– Անկասկած։ Գուցե միայնակ, գուցե դաշինքով՝ նույն գաղափարներն ու տեսակետներն ունեցող կուսակցությունների համախմբմամբ։ Հայաստանի հասարակության մեջ անխախտ մեծանում է եվրոպական արժեքների ընկալումը, արդեն 50 %-ից ավելին հասկանում է, որ էությամբ, կերպով, ներքին սոցիալական արդարությամբ ու բարոյականությամբ մենք շատ ավելի մոտ ենք Եվրոպային, քան Ասիային։ Եթե ուզում ենք զարգացած երկիր դառնալ, մեր ապագան պիտի Արևմուտքում տեսնենք, ոչ թե Արևելքում։ Մեզ համար ուղենիշ պիտի լինեն ժողովրդավարական երկրները, ոչ թե այն երկրները, որտեղ օրենքներ փոխելով՝ իրենց իշխանությունը երկարացնում են կամ ցմահ են նախագահում։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031