Պաշտոնական վիճակագրությունը սկսել է ամփոփել այս տարվա 11 ամիսների տնտեսական ցուցանիշները, եւ ներկայացվող տվյալներից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն անգամ պաշտոնապես նվազել է։
Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 2,9 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ նախորդ ժամանակահատվածում, այսինքն՝ տասը ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել էր 3,5 տոկոսով։ Այսինքն՝ մեկ ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0,6 տոկոսով։
Առեւտրաշրջանառությունն այս տարվա 11 ամիսների արդյունքներով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7,1 տոկոսով։ Ի դեպ, մեկ ամիս առաջ առեւտրաշրջանառության ցուցանիշն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել էր 6,4 տոկոսով։
Այսինքն՝ ստացվում է, որ վերջին մեկ ամսում սպառողը շարունակել է աղքատանալ, եւ նրա գնողունակությունը նվազել է եւս 0,7 տոկոսով։ Այսպիսով՝ ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով առեւտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ նվազել է 153 միլիարդ 179 միլիոն դրամի չափով։
Կարդացեք նաև
Վերը բերված թվից 15 միլիարդ դրամի նվազումը բաժին է հասնում հենց նոյեմբերին։ Սակայն ներկայացված թվերը իրենց մեջ ներառում են նաեւ այս տարվա գնաճը, որը, ըստ պաշտոնական թվերի, կազմել է 4,1 տոկոս։ Այլ կերպ ասած՝ իրականում այս տարվա առեւտրաշրջանառության թվի անկման պատկերն ավելի վատն է, քան ներկայացված է ԱՎԾ-ի պաշտոնական տվյալներում։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում