Լրահոս
Օրվա լրահոսը

2015-ի տխուր իրադարձությունը`Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2015 11:46

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանի ներքին կյանքի լրջագույն իրադարձություններից մեկն է, որը ձեւավորում է քաղաքական փոխհարաբերությունների նոր հիմքերը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում, ամփոփելով անցնող քաղաքական տարին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Հաջորդ կարեւոր ներքաղաքական իրադարձությունը քաղաքագետը համարում է տարեսկզբին`փետրվար ամսին ձեւավորված ԲՀԿ-ՀՀԿ նոր փոխհարաբերությունները, որոնց արդյունքում լուրջ քաղաքական վերադասավորումներ եղան քաղաքական դաշտում: Սա, առաջիկա ընտրական փուլի համար, բանախոսը կարեւոր հիմք է համարում. «ԲՀԿ-ն պիտի վերագտնի իրեն`նոր ընտրություններով»:

Երրորդ` կարեւոր ներքաղաքական իրադարձությունը, թեժ ամառն էր`«Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ ծավալված դեպքերը, որպես քաղաքացիական դաշտի կայացման հիմք: Եվ նկատի ունենալով այն, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ստեղծված քաղաքական ուժում ներառվեցին «Դեմ եմ» շարժման երիտասարդներից, ստացվում է, որ դա նաեւ քաղաքական կայացման հիմք է:

2016-ին ներքաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունը լինելու է առաջիկա ընտրական փուլին նախապատրաստությունը:

Ներքին եւ արտաքին քաղաքականությունը, Ալեքսանդր Մարգարովի փոխանցմամբ, կապում է Ցեղասպանության հարյուրամյակը եւ դրա շուրջ ծավալված իրադարձությունները`Հռոմի Պապի ելույթ, գերտերությունների ղեկավարների այցը Հայաստան, ՄԱԿ-ի կողմից ընդունված Հայաստանի առաջարկը` կապված ցեղասպանությունների կանխարգելման հետ եւ այլն. այդ ամենն աննկատ չեն կարող մնալ:

Արտաքին քաղաքական կարեւորագույն իրադարձություններից քաղաքագետն ընդգծում է եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսումը:

Մանրամասները`  տեսանյութում

Անցնող տարին, բնականաբար, բուռն էր նաեւ ԼՂ հարցի շուրջ ծավալված իրադարձություններով, մասնավորաբար, սահմաններում լարվածության պահպանմամբ եւ ժամանակ առ ժամանակ առավելագույնս սրմամբ: Ինչ ցույց տվեց անցնող տարին: Ըստ քաղաքագետի. «Կողմերի դիրքորոշումների բացարձակ տարբերությունը, ադրբեջանական քաղաքականության ոչ ադեկվատությունը եւ ադրբեջանական գործիչների պատրաստ չլինելը`բանակցային ուղով գնալու: Ադրբեջանական հռետորիկան եւ գործողությունները էապես տարբերվում են: Դա հասցրել է նրան, որ Մինսկի խումբը սկսեց շատ կոնկրետ եւ հասցեագրված արձանագրել Ադրբեջանի բացասական դերը բանակցային գործընթացում»:

Քաղաքագետը հետագա քննարկման հարց է համարում`հայկական կողմը շարունակի՞ պատասխան տալ ադրբեջանական ագրեսիային, թե՞ նախահարձակ լինելու ուղղությունը որդեգրի, կբերի՞ դա այն արդյունքին, որին ձգտում է Հայաստանը`խաղաղության պահպանում:

Իբրեւ անցնող տարվա տխուր իրադարձություն, Ալեքսանդր Մարգարովը առանձնացնում է Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, աննախադեպ դեպքեր համարում է «Նախախորհրդարանի» եւ Ժիրայի Սեֆիլյանի արշավը դեպի Արցախ, ահաբեկչական խմբի բացահայտումը:

Քաղաքագետը կարծում է՝ 2016-ին Հայաստանի համար արտաքին քաղաքականության մասով շարունակելու է առանցքային մնալ ԼՂ հարցում եւ ընդհանրապես տարածաշրջանային թնջուկներում սեփական անվտանգությունն ապահովելը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031