Հավատացեք, ամեն անգամ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս «մեծ» կոչված իր ամենամյա տարեվերջյան ուղիղ մամլո ասուլիսով, մոսկվայաբնակ ամեն մի նախկին հայաստանցու մեջ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հայոց նախագահը կտրականապես խուսափում իր ժողովրդի հետ հաղորդակցվելու այս հրապարակային ձևաչափից։ Բայց չէ՞ որ, եթե մի կողմ դնենք մասշտաբները, իր կենսաբարոյական անհուսալի խնդիրների մեջ խրված հայաստանյայց ժողովուրդը անհամեմատ ավելի շատ հարցեր ունի առաջադրելու իր ղեկավարությանը, որովհետև չի ստանում դրանց մեծ մասի իրական պատասխանը։ Ումի՞ց, ե՞րբ, որտե՞ղ։
Իրոք, ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը չի վախենում իր ժողովրդից՝ բաց երկխոսության մեջ մտնելով նրա հետ։ Ավելին, նա հայտարարում է, որ նման շփումները հնարավորություն են տալիս առավել խորությամբ ընկալելու մարդկանց հուզող խնդիրները։
Պուտինի ելույթից մեկ շաբաթ առաջ նույն նպատակադրվածությամբ հեռուստալրագրողների հետ, այդ թվում՝ ընդդիմախոս, ուղիղ հանդիպում ունեցավ նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (իհարկե, ոչ նման մասշտաբով): Բայց ինչո՞ւ իսկապես Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում հայ ժողովրդի աչքի առաջ զրուցել, չասենք՝ 1490, ապա գոնե 90 լրագրողների հետ, որոնց մի մասը ոչ «պալատական»։ Բանը հասել է նրան, որ նման գաղափարն անգամ Հայաստանում ֆանտաստիկ է թվում։ Ասելիք չունե՞ն, թե՞ վախենում են սուր հարցերից։ Բայց մինչև ե՞րբ։
Լավ, չե՞ն կարող պատասխան տալ ազգի համար բախտորոշ այն հարցին, թե ինչու են հայաստանցիները շարունակում զանգվածաբար արտագաղթել իրենց բնօրրանից։
Կարդացեք նաև
Կամ՝ ինչո՞ւ Հայաստանի կառավարությունում չկա ոչ մի ինտելեկտուալ վառ անհատականություն։
Ի վերջո, ինչո՞ւ նոր սահմանադրությունը պետության ղեկավարին չի պարտադրում ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձևաչափով, թեկուզ խորհրդարանում, հաշվետվությամբ հանդես գալու։
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում