Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Խոսել կարգավորման ինչ-որ սցենարների մասին պարզապես հնարավոր չէ». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 22,2015 11:27

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

  -Ինչպե՞ս կբնութագրեք այսօր ստեղծված իրավիճակը։

-Ընդհանուր առմամբ, իրավիճակն այսպիսին է. ներկայումս խոսել կարգավորման ինչ-որ սցենարների մասին պարզապես հնարավոր չէ, քանի որ հիմնական շեշտը պետք է դրվի հակամարտության գոտում խաղաղության, կայունության պահպանման վրա: Եվ այս տրամաբանությամբ են այժմ ընթանում բանակցությունները, այդ թվում եւ Շվեյցարիայում անցկացված հանդիպումը:

Ռազմական առումով հայկական բանակը Ադրբեջանին ամեն օր իր տեղն է դնում, որքան էլ նա խախտի զինադադարի ռեժիմը, որքան էլ փորձի ներխուժել Արցախի ու Հայաստանի տարածք: Մնում է, որ միջազգային հանրությունը քաղաքական առումով եւս Ադրբեջանին իր տեղը ցույց տա:

  -Հաճախ է ասվում, թե բանակցություններին այլընտրանք չկա, որ այլընտրանքը պատերազմն է: Բայց չե՞ք կարծում, որ այլընտրանք կարող է լինել տարածաշրջանային խաղացողների կողմից Ադրբեջանի դեմ տնտեսական, քաղաքական պատժամիջոցների կիրառումը:

-Միջազգային հանրությունն ուզում է ավելի չթեժացնել իրավիճակը: Նրանք կարծում են, թե Ադրբեջանի հետ քաղաքակիրթ երկխոսություն վարելով՝ նրանից կարող են քաղաքակիրթ պահվածք ակնկալել: Բայց պատմության մեջ դեռեւս չի եղել այնպիսի դեպք, երբ հանցագործը կամ ահաբեկիչը քաղաքակիրթ լեզուն հասկանա: Հարկավոր են գործնական քայլեր, ինչպես նշեցիք` պատժամիջոցների տեսքով, եւ ես այդ քայլերն արդեն նշմարում եմ:

  -Եվ որո՞նք են դրանք:

-Խոսքս մասնավորաբար ԱՄՆ Կոնգրեսի վերջերս ընդունած բանաձեւի մասին է, ուր կոչ է արվում վիզաներ չտրամադրել ալիեւյան կլանի որոշ ներկայացուցիչների: Կամ այն, որ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հրապարակում են քննադատական նյութեր Ադրբեջանում տիրող խայտառակ իրավիճակի մասին: Չնայած սրանք բավարար քայլեր չեն, ու դրանցով չպետք է սահմանափակվել:

Այսինքն՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրության կողմից լինեն ավելի հստակ մեսիջներ: Կարծում եմ՝ երբ Բաքուն մոտենա «կարմիր գծին», այդ ազդանշաններն ուզած-չուզած լինելու են: Այսօր չեն դիմում ավելի կոնկրետ պատժամիջոցների, որովհետեւ համոզված են, որ Ալիեւը չի խախտի կարմիր գիծը, այսինքն` լայնածավալ պատերազմ չի սկսի:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսի մի շարք պատճառներով: Առաջին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջեւ պահպանվում է հավասարակշռությունը: Երկրորդ՝ միջազգային հանրությունը դեմ է լայնածավալ պատերազմին: Երրորդ՝ Ադրբեջանն ինքը շահագրգռված չէ պատերազմով, որովհետեւ փխրուն պետություն է, եւ նման պատերազմի դեպքում ազգային փոքրամասնությունները հաստատ ոտքի կկանգնեն, իսկ այդ զարգացումները կհանգեցնեն Ադրբեջան պետության փլուզման:

 

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031