ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, «ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվում է պետական բյուջե վճարել ՀՀ ՏՄՊՊՀ կողմից կիրառված 20 միլիոն դրամ տուգանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցել էր վարչական վարույթ: Վարույթի հիմք է հանդիսացել այն, որ «ԱրմենՏել» ընկերության մեկնարկած «Պարզից Պարզ» անվանմամբ սակագնային փաթեթը կրկնօրինակում էր մրցակից ընկերության՝ «Օրանժ Արմենիայի» «Պարզ» անվանումով փաթեթին: Ընդ որում, վերջինը վերոնշյալ անվանումը դեռևս 2011-ին գրանցել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան:
Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերության «Պարզից Պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված էին նարնջագույն և կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ՝ ակնհայտորեն մատնացույց անելով շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք խաղի ընթացքում համարվում են պարտված:
Վարույթի ընթացքում Հանձնաժողովը փաստել էր, որ «ԱրմենՏելի» նման վարքագիծը վնասում է մյուս օպերատորների համբավին և գործարար վարկանիշին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
Կարդացեք նաև
ՏՄՊՊՀ որոշմամբ, օրենքի խախտման համար, «ԱրմենՏելը» տուգանվել էր 20 միլիոն դրամի չափով և պարտավորվել սեղմ ժամկետներում վերացնել խախտումը:
«ԱրմենՏելը» ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկել է դատական կարգով: Դատական բոլոր 3 ատյաններում Հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ՝ ուժի մեջ:
ՀՀ ՏՄՊՊՀ